«Մենք միշտ մտածում ենք, որ դա մեզ հետ չի պատահի», — սեռական առողջության կենտրոնի աշխատակցի պատմությունը. ԱՀԿ

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն (ԱՀԿ) իր պաշտոնական էջում պատմում է «կապկի ծաղիկ» հիվանդությամբ տառապող Հարուն Թուլունայի պատմությունը, ով սեռական առողջության կենտրոնի աշխատակից է։

2022 թվականի հունիսի 11-ին Հարուն Թուլունայը ջերմություն ունեցավ։ Սկզբում նա կարծում էր, որ իր մոտ COVID-19 է, բայց հետո զգաց, որ այլ բան է։
«Իմ ավշային հանգույցները ցավոտ էին և այտուցված: Ջերմությունս բարձրացավ մինչև 39,6°C: Ընդունեցի իբուպրոֆեն և ցավազրկողներ։ 5-րդ օրը պարզապես պառկեցի բազմոցին ու շարժվել չէի կարողանում, ցավն անտանելի էր, քունս խանգարվել էր»։
Հուլիսի 27-ի դրությամբ «կապկի ծաղկի» հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 18.000-ը: Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը հիվանդացության առաջատարներն են։

«Երբ սեռական առողջության կլինիկայում ինձ ուղարկեցին «կապկի ծաղկի» թեսթ հանձնելու, քթիս միայն մեկ բշտիկ ունեի: Այն սկզբում գրիչի ծայրի չափ էր, այնուհետև մեծացավ և ավելի ցավոտ դարձավ: Կոկորդիս վնասվածքի պատճառով կուլ տալ, ուտել կամ խմել չէի կարողանում»,- ասում է Հարունը:

«Կապկի ծաղիկը» սովորաբար համարվում է մեղմ հիվանդություն, և մարդկանց մեծամասնությունն առանց բուժման ապաքինվում է  մի քանի շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, հիվանդությունը հաճախ ուղեկցվում է ցավով և երբեմն կարող է հանգեցնել բարդությունների:

«Այն բանից հետո, երբ «կապկի ծաղկի» անալիզը դրական արդյունք տվեց, ինձ ուղարկեցին վարակիչ հիվանդությունների գծով մասնագիտացած հիվանդանոցի մեկուսարան: Ես թեթևություն էի զգում, քանի որ արդեն գիտեի խնդիրս: Բայց ինձ ցավ էր պատճառում այն, որ ինձ ոչ ոք չէր կարող այցելել։ Մտածում էի, որ մենակության մեջ կմահանամ»։

10 օր շարունակ Հարունը բուժվել է հակավիրուսային դեղամիջոց Tecovirimat-ով։ Այն մշակվել է «կապկի ծաղկի» դեմ և այժմ լիցենզավորված է եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կողմից:
Համաճարակի վերահսկման առաջնային միջոցները վարակակրի մեկուսացումն է։

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում առկա բռնկումը մտահոգիչ է, քանի որ այն նման չէ նախորդ բռնկումներին: Այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում՝ համաճարակաբանությունը, վարակի աղբյուրները և փոխանցման ձևերն ավելի լավ հասկանալու համար:
Նորածինները, փոքր երեխաները, հղի կանայք և իմունային անբավարարություն ունեցող մարդիկ կարող են հայտնվել լուրջ վտանգի առաջ։

«2016 թվականից ունեմ ՄԻԱՎ (HIV, ВИЧ) և գիտեմ, թե որքան օգտակար է լսել ուրիշների պատմությունները: Այդ իսկ պատճառով ես կիսվեցի «կապկի ծաղկով» վարակվելու իմ պատմությամբ»։

ԱՀԿ-ն չի մոռանում շեշտել, որ գոյություն ունի պատվաստանյութ, որն անհրաժեշտ է ստանալ առաջին ախտահարումից հետո 4 օրվա ընթացքում:

Կախված պատվաստանյութի առկայությունից, որոշ երկրներում բարձր ռիսկի տակ գտնվող բոլոր մարդիկ ենթակա են պատվաստման,- ասվում է հայտարարության մեջ։

Հիվանդության կանխարգելումը և բուժումը

Հիվանդությունը տարածվում է սերտ ֆիզիկական շփման դեպքում։ Ներկայումս կատարվում են ուսումնասիրություններ` հասկանալու համար արդյո՞ք այն կարող է փոխանցվել սեռական ճանապարհով:

Ներկայումս իրականացվում են գիտական ​​ուսումնասիրություններ՝ գնահատելու պատվաստման նպատակահարմարությունը։ Որոշ երկրներ ձեռնարկել են կամ մշակում են միջոցներ՝ ռիսկի խմբում գտնվող մարդկանց (լաբորատոր անձնակազմ, արագ արձագանքման թիմեր, բուժաշխատողներ) պատվաստանյութ առաջարկելու ուղղությամբ։ Tecovirimat հակավիրուսային դեղամիջոցը դեռ լայնորեն հասանելի չէ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն