Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվի Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Ապրիլի 7-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Տեղի կունենան բանակցություններ նախագահ Պուտինի հետ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում: Նախ և առաջ, իհարկե, քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների ու եռակողմ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքը, որը վերջ տվեց ռազմական գործողություններին Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը:

Նա հայտնել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի կունենա մտքերի փոխանակում` Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի պատճառաբանությամբ ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից ինքնամեկուսացման ռեժիմի է անցել։ Նա հեռավար եղանակով է կատարում վարչապետի իր աշխատանքը։ Այս մասին տեղեկացրել էր վերջինիս խոսնակ Մանե Գևորգյանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն