ՆԱՏՕ -ն ոչ թե Ռուսաստանի շուրջ է, այլ շոշափում է մեր սահմանները․Պեսկով

Վրաստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Agile Spirit բազմազգ զորավարժությունները ևս մեկ հաստատում են, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր ռազմական ենթակառուցվածքներով գտնվում է մեր սահմանների շրջակայքում,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարԴմիտրի Պեսկովը։

«Ոչ միայն մեր շուրջը, այլ շոշափում է մեր սահմանները»,- ընդգծել է նա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով ՝ ՆԱՏՕ-ի ակտիվությունը Ռուսաստանի սահմանների մերձակայքում պարտավորեցնում է նրան՝ միջոցներ ձեռնարկել իր անվտանգության ապահովման համար:

«Սա, իհարկե, ենթակա է մեր կողմից շատ ուշադիր մոնիթորինգի: Եվ գլխավորը՝այս իրողութունը մեզ պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել մեր անվտանգության ապահովման համար »,- Պեսկովի խոսքը մեջբերում է«Российская газета»-ն։

Կրեմլի խոսնակը նաև հիշեցրել է, որ այս մասին բազմիցս խոսել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև տարբեր մակարդակներում՝ Ռուսաստանի իշխանության այլ ներկայացուցիչներ:

Մեկնաբանելով զորավարժություններին Ադրբեջանի մասնակցության փաստը՝ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը թանկ է գնահատում Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, որոնք համարվում են գործընկերային։

«Կա ընդհանուր քաղաքական կամք այդ հարաբերություններն է՛լ ավելի զարգացնելու համար։ Իհարկե, մեզ համար կարևոր է, որ նման վարժանքների սցենարները չեն ենթադրում որևէ քողարկված գործողություն մեր երկրի դեմ»,- հավելել է Պեսկովը:

Տեղեկացնենք, որ հուլիսի 26-ին Վրաստանում սկսվել են լայնածավալ զորավարժություններ ՝ ՆԱՏՕ-ի անդամ 15 երկրների և գործընկերների՝ ավելի քան 2,5 հազար զինծառայողի մասնակցությամբ՝ ներառյալ Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան:

Զորավարժությունների նպատակը դաշինքի ստորաբաժանումների և գործընկեր երկրների միջև «օպերատիվ համատեղելիության բարելավումն է, բազմազգ միջավայրում «օպերատիվ հնարավորությունների և ծրագրավորման կատարելագործումն ու ամրապնդումը, բազմազգ պատրաստվածության զարգացումը և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը»:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն