Նենսի Փելոսին ժամանել է Թայվան

Փելոսին դարձել է ԱՄՆ Կոնգրեսի պալատի առաջին խոսնակն,

ով այցելել է Թայվան վերջին 25 տարվա ընթացքում։

Ինքնաթիռը, դեպի կղզի ուղիղ երթուղու փոխարեն, օդ է բարձրացել Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից, թռչել Ինդոնեզիայի օդային տարածքով, այնուհետև Ֆիլիպինների արևելք և Խաղաղ օվկիանոսից վայրէջք կատարել Թայվանում։

Այսպիսով, նա շրջանցել է Հարավչինական ծովի վերևում գտնվող տարածությունը, որտեղ առաջադրանքներ են կատարում չինական երկու ավիակիրները՝ «Շանդունը» և «Լյաոնինգը»։

Թայվանից հարավ-արևելք գտնվում է ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում է միջուկային էներգիայով աշխատող ավիակիր USS Ronald Reagan-ը։

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվեցին հուլիսի երկրորդ կեսին այն բանից հետո, երբ տեղեկություններ էին ստացվել, որ ասիական շրջագայության ընթացքում Փելոսին պատրաստվում է այցելել Թայվան։

Նրա պաշտոնական գրաֆիկում այցը կղզի նշված չէր, սպասվում էր, որ նա կայցելի Մալայզիա, Սինգապուր, Ճապոնիա և Հարավային Կորեա:

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չինական զորքերը «ձեռքերը ծալած չեն նստի», եթե Փելոսին այցելի Թայվան։ Գերատեսչությունը ևս մեկ անգամ նշել է, որ «ամերիկյան իշխանությունների երրորդ պաշտոնյայի» (նախագահից և փոխնախագահից հետո) այցը Թայվան, որը Չինաստանից իր անկախությունը հռչակեց 1949 թվականին, «կհանգեցնի ահավոր քաղաքական ազդեցության» (Պեկինը շարունակում է Թայվանը համարել իր նահանգը):

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն