Ներեցե´ք, իսկ կապտուլացիա ստորագրելիս Արցախի ժողովրդին հարցրեցի՞ք

«Արցախը հայ ժողովրդի արժանապատվության միջնաբերդն է։ Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես եւ Արցախի` հարցը տարածքային հարց չէ։ Արցախը ժողովուրդ է, սեփական ճակատագրին տեր կանգնած ժողովուրդ` իր միակ ու անզիջելի հայրենիքով։ Այդ հայրենիքի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավորն է Հայաստանի Հանրապետությունը»:

Սա մեջբերում է «Իմ քայլը» դաշինքի ծրագրից: Ոչ վաղ անցյալում` 2018 թվականին, իշխող ուժը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի այս կարծիքին էր Արցախի մասին:  Նրանք ասում էին, որ իրենց համար «գերնպատակ է լինելու ազգերի ինքնորոշման իրավունքի կենսագործմամբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի անխախտելիությունը եւ միջազգային ճանաչումն ապահովելը»։ Սա ասում էր այն քաղաքական ուժը, ով Արցախը հանձնելուց առաջ արցախցիներին նախապես տեղյակ չպահեց, որ սեփական տներն ազատեն` մինչ թշնամուն անցնելը:

Նախընտրական ծարգրում մասնավորապես ասվում էր՝ Արցախի ժողովրդի  միջազգային իրավունքի նպատակներին եւ սկզբունքներին համապատասխան, ինքնորոշման իրավունքի իրականացման նպատակով մեր քայլերն ուղղվելու են՝

Նախատեսվում էր — Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շարունակական իրականացմանը,

Ինչ ունենք հիմա – Եթե որոշել էին գնալ խաղաղ բանակցային ճանապարհով, ինչո՞ւ բանակցությունները սկսեցին սեփական կետից, ինչո՞ւ էր այդ կետն ուղիղ գծով շարժվում դեպի պատերազմ, ինչո՞ւ չի գալիս խոստացված խաղաղ դարշրջանը, ինչո՞ւ է թշնամին անարգել հայտնվում ՀՀ սուվերեն տարածքում: Սրանք հարցեր են, որոնք աղերսվում են ներկա իրականության հետ և դուրս են մնացել «Իմքայլը» դաշինքի նախընտրական ծրագրից:

Նախատեսվում էր — Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչմանը եւ բանակցություններին ներգրավվածության ապահովմանը,

Ինչ ունենք հիմա – Ինչպե՞ս կարելի էր մտածել, որ Արցախը պետք է բանակցային գործընթացի մաս կազմի։ Իսկ եթե բանակցությունները գնային փակուղի, ինչպես որ եղավ: Այդ ժամանակ ի՞նչ պետք է լիներ՝ պատերազմ: Իսկ եթե Արցախը չլիներ բանակցային գործընթացի մաս, ցանկացած պահի կարելի էր ասել. «այ հիմա գնացեք ու Արցախին համոզեք»:

Նախատեսվում էր — հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանը եւ հետաքննման մեխանիզմների ներդրմանը,

Ինչ ունենք հիմա – Սա ա՛յն ուժի ծրագրային դրույթների մաս է կազմում, ում իշխանության օրոք թշնամու 1000-ից ավելի զորքն ազատորեն զբոսնում է ՀՀ սուվերն տարածքում: Այս դրույթն ա՛յն իշխանության նախընտրական ծրագրում է, ով սեփական երկրում, սեփական զինվորին ստորացնելուց հետո` 2 օր անց, լրատվամիջոցների հրապարակումներից հետո, նոր, ստիպված հարուցում է քրեական գործեր:

Նախատեսվում էր — Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացմանը: Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի եւ հումանիտար շփումների օժանդակմանը։

Ինչ ունենք հիմա – Խոստացված ֆիզիակական անվտանգությունը, հավանաբար, սեփական տան բակից, արոտավայից գերու կարգավիճակում հայտնվելը և ծեծվելն է` թշնամու կողմից:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման որեւէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար։

Ներեցե´ք, իսկ կապտուլացիա ստորագրելիս Արցախի ժողովրդին հարցրեցի՞ք:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն