Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի

Կառավարությունն ընդունեց որոշում, որով ռեկտորներին ներկայացվող պահանջներից հանվում է դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորին ներկայացվող պահանջներից հանվեց նաև ժողովրդական արտիստի, վաստակավոր արտիստի, արվեստի վաստակավոր գործչի, կամ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում ունենալու պահանջը:

Արդյունքում բոլոր ուսումնական հաստատությունների ռեկտորին ներկայացվող պահանջներում առկա է ցանկացած գիտական աստիճանի և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ:

Երևանի Պետական համալսարանի, Բժշկական համալսարանի, Գորիսի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության պետական, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարաններում ռեկտորի պաշտոնում նախկինում կարող էր ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը:

Իսկ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բացի այս պայմաններից, նախկինում սահմանված էին նաև լրացուցիչ պահանջներ (Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում):

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ ամրագրելու անհրաժեշտությամբ, որովհետև պետական մի քանի բուհերի կանոնադրություններում ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ, փոխարենն առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ: Այդ համալսարաններն են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան:

Որոշման մեջ նշված է նաև, որ առաջարկվող փոփոխությունը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին կընձեռի հնարավորություն` ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն