«Ո՞ւմ մեղքով են մեր զինծառայողները հայտնվել գերության մեջ՝ Վլադիմիր Պուտինի՞, թե՞ աշխարհի». Լարիսա Ալավերդյանը հակադարձում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի աղմկահարույց հայտարարությանը

«Իսկ ո՞ւմ մեղքով են մեր զինծառայողները հայտնվել ադրբեջանական բանտերում՝ գերության մեջ՝ Վլադիմիր Պուտինի՞, Ռուսաստանի Դաշնության, թե՞ աշխարհի, որ իրեն մասնագետի տեղ դրած քայլական այդ պատգամավորը (նույնիսկ չեմ ուզում ասել՝ «Իմ քայլը», որովհետև դա, ըստ էության, իմ քայլը չի եղել) իրեն իրավունք է վերապահում այդպիսի թեմայի առնչությամբ նմանօրինակ հայտարարություններ անել։ Նկատենք, որ մեր զինծառայողները գերության մեջ հայտնվեցին նոյեմբերի 9-ին ստորագրված սրբապիղծ համաձայնագրի արդյունքում, հետևաբար հարցի առնչությամբ ողջ պատասխանատվությունը օրվա ապաշնորհ ու տգետ իշխանությունների ուսերին է»,- ասում է Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը` «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի՝ նախօրեին հայտնած այն դիրքորոշմանը, ըստ որի, իշխանություններն ի վիճակի չեն գերիների վերադարձի հարցով բանակցել հակառակորդի հետ և, որ դա Ռուսաստանի անելիքն է։

Հիշեցնենք, որ «Իմ քայլ»-ի պատգամավորը կարծիք էր հայտնել, թե արցախյան վերջին պատերազմի ընթացքում գերեվարված հայ զինվորականների հետ կապված հարցը պետք է տալ ՌԴ դեսպանին, ով էլ, իր հերթին, այն պետք է փոխանցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնին։ Մանուկյանը մասնավորապես ասել էր. «Մենք շփում չունենք Ադրբեջանի հետ, մեր շփումն իրականացվում է նրանց միջոցով, էդ շփման և այդ հարցի լուծման գարանտը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչի։ Գերիների հարցն ինչքան մերն ա, էնքան էլ ռուսներինն ա, նաև՝ աշխարհինը, նկատի ունեմ ոչ հուզական և էմոցիոնալ իմաստով, այլ՝ քաղաքաիրավական»։

Լարիսա Ալավերդյանը նկատում է՝ այն պահին, երբ մարտերը դեռ շարունակվում էին, անպայման պետք էր հնարավորություն և ժամանակ տալ, որպեսզի հայկական կողմը կազմակերպված ձևով դուրս հաներ դեռևս ողջ մնացած և մարտնչող զինվորականներին և նրանց հրամանատարներին հանձվելիք տարածքներից, որից հետո միայն ստորագրվեր եռակողմ համաձայնագիրը, որի մասին, սակայն, հայկական կողմը հոգ չի տարել։ Փաստացի, տարածքները հանձնվել են ողջ մնացած մարդկանց հետ միասին, ինչի հետևանքով մենք անթույլատրելի քանակով գերեվարված զինծառայողներ ունեցանք.«Ավելին, հրադադարի ռեժիմի հաստատումից հետո՝ դեռևս դեկտեմբեր ամսին, կամավորական սկզբունքներով Հադրութի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող գյուղեր մեկնած ու այնտեղ գերեվարված մեր տղաներին նույնպես ադրբեջանական կողմը գերեվարել և Ալիևի հանցագործ հայտարարությունների հիման վրա, ոչ թե ռազմագերու, այլ ահաբեկիչների կարգավիճակ է «շնորհել»։ Հադրութի գյուղերում հայտնվելուց հետո այդ մարդիկ նույնիսկ չէին հասցրել մարտական գործողությունների մեջ մտնել կամ կատարել իրենց պարտականությունները, նրանք անմիջապես գերության մեջ են հայտնվել։ Այնինչ, արդեն իսկ հայտարարվել էր, որ Հադրութում, ավելի քան հարյուր զինծառայող կա և արագ կերպով պետք է սկսել նրանց որոնողական աշխատանքները, ինչը, սակայն, հայկական կողմը նույնպես չի կատարել։ Ավելի ուշ հայտնաբերվել են կամավորականներից մի քանիսի դիակները, որոնց դիահերձման ժամանակ աղիներում մեծ քանակությամբ խոտ է հայտնաբերվել։ Սա խոսում է այն մասին, որ այդ տղաներից ոմանք բավական երկար ժամանակ դեռևս ողջ են եղել, հավանաբար՝ ինչ-որ տեղ թաքնված, և սովամահ չլինելու համար բավական երկար ժամանակ խոտերով են սնվել։ Նրանց հետքերը մենք գտանք Հադրութից վերադարձած թվով հինգ զինծառայողի շնորհիվ, իսկ մնացյալը գտնվեցին մահացած»,-պատմում է Հայաստանի առաջին օմբուդսմանը։

Ամփոփելով զրույցը, Լարիսա Ալավերդյանը նկատում է՝ այսքանից հետո ի՞նչ բարոյական իրավունքով են քայլական պատգամավորները խոսում գերիների վերադարձի ձախողման, առավել ևս՝ այդ ձախողումը սրա — նրա վար բարդելու թեմայով. «Նրանք նույնիսկ չեն էլ հասկանում, որ իրենց տգետ և անպատասխանատու վարքի արդյունքում մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, երբ գործ ունենք հարյուրավոր խեղված ճակատագրերի, ինչպես նաև՝ այդ մարդկանց հարազատների ցավի ու վշտի հետ։ Հետևաբար, այդ պատգամավորներին կոչ կանեի նախ՝ զերծ մնալ այնպիսի թեմաների շահարկումներից, որին իրենք, ըստ էության, չեն տիրապետում, չունեն նաև որևէ բարոյական իրավունք՝ խոսելու այնպիսի զգայուն հարցերի վերաբերյալ, որի առնչությամբ իրենց մեղքի բաժինն ու հանցավոր վարքն ավելի քան ակնհայտ և ցցուն է»,- ավարտելով զրույցն` ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն