Որ ապրանքներն են թանկացել և որքան. Pastark.am

Ըստ Վիճակագրական կոմիտեի` Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի հունիսին 2020-ի նույն ամսվա համեմատ արձանագրվել է 6.5 % գնաճ:

Առանձին ապրանքների դեպքում ունենք հետևյալ պատկերը։ Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը 2021-ի հունիսին թանկացել է 8.8%-ով: Բանջարեղենը թանկացել է 17.5%, միրգը՝ 9%, կաթնամթերքը, պանիրը և ձուն՝ 10.4 % (ձվի գինը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ աճել է 41.4%-ով): Մսամթերքը թանկացել է 6.6%, շաքարը և շաքարավազը՝ 43.2 %-ով:

Միևնույն ժամանակ յուղերը և ճարպերը թանկացել են՝ 36.5 %-ով (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ կազմել է 87.3%): Ձուկը և ծովամթերքը թանկացել են՝ 20.2 %-ով, իսկ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 8.8:

2021-ի հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.5 % գնաճ: Օրինակ՝ բենզինը թանկացել է 33,3, իսկ դիզելային վառելիքը՝ 12 %-ով:

Գնաճի ցուցանիշն իրապես անհանգստացնող է։ Տնտեսագետ, ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը բացատրում է․ «Կենտրոնական բանկը գնաճի նպատակադրման քաղաքականության շրջանակներում թիրախավորում է 4 % գնաճ՝ 1,5 % դեպի վերև և դեպի ներքև շեղվելու հնարավորությամբ։ Այսինքն գնաճը պետք է լինի 2,5-5,5 % միջակայքում»։ Այս տարի արձանագրվել 6,5 % գնաճ` 1 %-ով ավելի ԿԲ-ի սահմանած առավելագույն չափից։

«Եթե վերցնենք վերջին 6-7 ամիսների դինամիկան, ապա տնտեսության մեջ իրապես լուրջ գնաճ է նկատվում»,- նշեց Խաչատրյանը։ Գնաճը կարգավորելու և աղքատության ցուցանիշը կրճատելու կամ նույն ցուցանիշը պահելու համար այլ երկրներում իրականացվում է ինդեքսավորում։ Մասնավորապես՝ կառավարությունները գնաճի նույն տոկոսի չափով բարձրացնում են կենսաթոշակները, սոցիալապես անապահովների նպաստները, մինիմալ աշխատավարձի չափը և սպառողական զամբյուղը։ «Սոցիալական խնդիրները լուծելու տեսանկյունից, իհարկե, կարևոր է, որ գոնե տարին մեկ անգամ ինդեքսավորվեն թե՛ սոցիալական նպաստները, թե՛ աշխատավարձերը, որի արդյունքում բնակիչների կենսամակարդակը կմնա նույնը։ Այստեղ Կառավարությունը հսկայական անելիք ունի։ Այլ բան է, որ մեր երկրում դա չի իրականացվում և արդյունքը լինում է այն, որ գները սրընթաց աճում են, բնակչության ստվար զանգվածի եկամուտները մնում են անփոփոխ, երբեմն նաև նվազում են ու արդյունքում էլ ավելի են սրվում սոցիալական խնդիրները»,- նկատեց տնտեսագետը և հավելեց, որ շատ երկրներում ինդեքսավորումը օրենսդրորեն է ֆիքսվում,- «Միջազգային նման փորձ կա, սակայն յուրաքանչյուր երկիր ինքն է խնդիրը կարգավորում իր հնարավորությունների չափով։ Մեր երկրում օրեսնդրորեն կառավարության առաջ նման պահանջ դրված չէ։ Նախկինում ունեցել ենք տարիներ, երբ ինդեքսավորում եղել է, բայց վերջին տարիներին նման միտում չի նկատվում»։

Ըստ ՄԱԿ-ի` Հայաստանի քաղաքացիներից յուրաքանչյուր 3-րդը աղքատ է՝ աղքատության մակարդակը 32,4% է (980 հազար մարդ): Աղքատներից 13,5%-ը շատ աղքատ է (408 հազար մարդ), 2,8%-ը` ծայրահեղ աղքատ (մոտ 85 հազար մարդ): Աղքատ են համարվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է 37 հազար դրամից, շատ աղքատ են նրանք, ում սպառումը ցածր է 30.500 դրամից, իսկ ծայրարեղ աղքատ` 21.700 դրամից:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն