Որ պոլիկլինիկաներն են փակվելու, միավորվելու. ինչ կորոշի Երևանի ավագանին

«Փաստարկ» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել Երևանի ավագանու որոշման նախագիծը, որում նշված է, թե մոտ ապագայում Երևան քաղաքի որ պոլիկլինիկաներն են փակվելու և միավորվելու։ Փաստաթուղթը ներկայացնում ենք ստորև։

Համաձայն փաստաթղթում առկա տեղեկատվության` Երևանի «Թիվ 1 պոլիկլինիկան», «Թիվ 5 պոլիկլինիկան», «Քաղաքային էնդոկրին դիսպանսերը» վերակազմավորվելու են և միավորվեն «Թիվ 4 պոլիկլինիկային»։

«Արաբկիր մանկական պոլիկլինիկան» միացվելու է «Նոր Արաբկիր» ԱԿ-ին, «Սարի Թաղ» պոլիկլինիկան»` թիվ 17 պոլիկլինիկային, իսկ «Նորագավիթ պոլիկլինիկան»` «Թիվ 13 պոլիկլինիկային»։ «Նուբարաշեն պոլիկլինիկան» միացվելու է   «Նոր Արեշ » պոլիկլինիկային։ Բնականաբար, փակվող պոլիկլինիկաների աշխատակիցների մեծ մասը կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առջև։

Տեղեկացնենք, որ «Փաստարկ» լրատվականը ստացել է Երևանի քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչների բողոքը`  թիվ 1 պոլիկլինիկայի փակման կապակցությամբ, որտեղ, ըստ ահազանգող բնակչի խոսքերի, բուժվում են հաշմանդամներ, ում համար խիստ դժվար կլինի այցելել ավելի հեռու գտնվող «Թիվ 4 պոլիկլինիկա» (Մոսկովյան փողոց)։

Հիշեցնենք նաև, որ 2019 թվականին փակվել է Երևանի Հակատուբերկուլյոզային դիսպանսերը։ Բուժաշխատողներին առաջարկվել էր «աման լվացողի» կամ «բեռնատարի վարորդի» աշխատանք։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն