ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ ՉՏՐԱՄԱԴՐԵԼԸ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒN. փաստաբան

Արդեն մի քանի օր է` տեղեկություններ ենք ստանում, որ այն քաղաքացիներին` ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ և գտնվել են բժշկի հսկողության տակ, բուժող բժիշկները հրաժարվում են տրամադրել տեղեկանք այն մասին, որ նրանց հակացուցված է պատվաստումը` իր ֆեյսբուքյան էջում գրել է «ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ» փաստաբանական ընկերության  հիմնադիր տնօրեն, փաստաբանների պալատի փաստաբան Սուսաննա Սարգսյանը։

Ըստ օդում կախված լուրերի` առողջապահության նախարարությունից հրամայել են, որ պատվաստման հակացուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկանքներ չտրամադրեն, բժիշկներն էլ` հլու հնազանդ ենթարկվում են:
Չգիտեմ բոլոր բժիշկներն են այդպես վարվում թե ոչ, բայց չէր խանգարի նման կերպ վարվողներին հիշել իրենց բժշկի երդման մասին, իսկ եթե դա էլ չօգնի, ծանոթանալ քրեական օրենսգրքի հետ:

Եվ, ի վերջո, ավելորդ չէր լինի հետաքրքրվել նման բժիշկներից. երբ Դուք պացիենտին որևէ հիվանդություն եք ախտորոշել, սխա՞լ ախտորոշում եք դրել։

Եթե սխալ եք ախտորոշել և տևական ժամանակ Ձեր ախտորոշման հիման վրա բուժում եք նշանակել պացիենտին, կարո՞ղ եք ինքներդ գնահատական տալ ձեր արարքին:

Եթե սխալ չեք ախտորոշել և սխալ բուժում չեք իրականացրել, ապա արդյո՞ք օրինական և բարոյական է անձի ախտորոշման և դրա հակացուցումների վերաբերյալ տեղեկանք չտալը:

Եթե չեք տրամադրում համապատասխան տեղեկանք, չե՞ք կարծում, որ հանդիսանում եք անձի առողջությանը ծանր կամ առանձնապես ծանր վնաս հասցնելու համար հանցագործության սուբյեկտ:

Իսկ եթե գիտակցում եք ու շարունակում եք անել, Ձեր արարքը գնահատվում է որպես ուղղակի դիտավորություն և այստեղ անզգուշության մասին խոսք լինել անգամ չի կարող:

Մտածեք ձեր քայլերի և դրանց հետևանքների մասին:
Իսկ մենք հետամուտ ենք լինելու, որ ոչ մի ապօրինի գործողություն և ոչ մի պատասխանատու անպատիժ չմնա:

«Առողջապահության նախարարը» ձեր փոխարեն պատասխանատվություն չի կրելու:

Վատ չէր լինի, որ «առողջապահության նախարարը» սահմանափակեր իր ապօրինի գործունեությունը:

Հ.Գ. Հավատարիմ մնացեք ձեր երդմանը և թող կորչեն նախարարները, ովքեր այսօր կան վաղն էլ` Աստված գիտի …

Սուսաննա Սարգսյան
#իմ_կուսակցությունը_Հայաստանն_է

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն