Փաշինյանն ընդունել է միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարին

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ֆիզիկոս, Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին։ Այս մասին ասվում է ՀՀ Կառավարության տարածած հայտարարության մեջ։
Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գիտության բնագավառում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:
Դիմելով Յուրի Հովհաննիսյանին՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի և տեղի գործընկերների հետ, ունեք նորանոր գաղափարներ և հաջողությամբ շարունակում եք գիտական գործունեությունը»: Կառավարության ղեկավարը մեծանուն գիտնականին մաղթել է քաջառողջություն:

Թողնել մեկնաբանություն