Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպի համատեղ նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական քննարկումը Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության համակարգման պլատֆորմի շրջանակներում։
Ինչպես @armenpress-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ծրագրեր իրականացնող երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներ։
Նկատի ունենալով, որ կառավարության ձևավորումից հետո նման ձևաչափով սա առաջին քննարկումն էր, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրեց կառավարության ծրագիրը, հիմնական ուղենիշներն ու նախատեսվող բարեփոխումները։