Պուտինը ստացել է կորոնավիրուսի դեմ «նազալ» պատվաստանյութ (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «նազալ» (փչվում է քթի մեջ) պատվաստանյութով։

Նոյեմբերի 22-ին, Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահը հայտարարեց նոր պատվաստանյութի փորձարկման կամավորական դառնալու իր ցանկության մասին։

«Հաջորդ օրը, Դենիս Յուրիևիչի (Լոգունով` խմբ.) հետ զրույցից հետո նա ինքը կատարեց պրոցեդուրայի երկրորդ մասը, այն է՝ քթիս մեջ փչեց փոշին»,- բացատրել է պետության ղեկավարը։

Նա ասաց, որ Լոգունովը հեղուկի փոխարեն փոշի է վերցրել սովորական ներարկիչի մեջ, խնդրել է խորը շունչ քաշել և փչել է նախ մի կողմից, ապա` մյուս»։ Պուտինի խոսքով՝ ինքը նստել է 15 րոպե, ու ամեն ինչ ավարտվել է։

Բացի այդ, ՌԴ նախագահը հիշեցրել է, որ նոյեմբերի 22-ին իրեն կրկին պատվաստել էին Sputnik Light-ով։

«Պատվաստումից ուղիղ վեց ամիս անց իմ պաշտպանիչ տիտրերն ընկան, և մասնագետները խորհուրդ տվեցին կրկնակի պատվաստում կատարել, ինչը ես արեցի»:

2021 թվականի գարնանը Պուտինին պատվաստել են COVID-19-ի դեմ Sputnik V պատվաստանյութի երկու բաղադրիչով։

Հոկտեմբերի կեսերին ՌԴ Առողջապահության նախարարությունը հաստատել է SPRAY 08-Gam-COVID-Vac-2021 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը մշակվել է Gamaleya կենտրոնի կողմից: Ինչպես նշել է նրա ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը, «նազալ» պատվաստանյութի կիրառման կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն