Ռուբեն Գյուլմիսարյան․ «Պարզ է մի բան, որ ոչ մի բան էլ պարզ չէ․ Հայաստանն առանց ընտրության և ․․․ ապագայի՞»

Ռուբեն Գյուլմիսարյանի այս հոդվածը հրապարակել է Dalma News հրատարակությունում

 

 

 

 

Հայաստանի անկախության երեք տասնամյակի ընթացքում քիչ ընտրություններ չեն անցկացվել, և հասարակական ու փորձագիտական արձագանքները տարբեր են եղել։ Արդյունքների նկատմամբ լիակատար համաձայնություն դրսևորվել է Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի ընտրությունների արդյունքների հանդեպ, կատաղի ժողովրդական բողոք է դրսևորվել նույն՝ Տեր-Պետրոսյանի երկրորդ ընտրության ժամանակ։ Իսկ մյուսների դեպքում՝ ընդհանուր անտարբերություն՝ դժգոհության առանձին բռնկումներով։ Բայց թերևս չի եղել այն՝ ինչի ականատեսն ենք մենք այսօր․ լիակատար շփոթվածություն, համընդհանուր լուռ տարակուսանք և համր հարց աչքերում. «Ինչպե՞ս կարող էր դա պատահել»:

Կամ անտարբերություն այն անձանց մոտ, ովքեր ընդհանրապես ո՛չ հարցեր ունեն, ո՛չ տարակուսանք, ո՛չ ցանկություն՝ որևէ բան քննարկելու և ինչ-որ բանի հավատալու։ «Մի բան պարզ է, որ ոչինչ պարզ չէ». Եվգենի Սատանովսկու այս արտահայտությունը, որը վերնագիր է ընտրվել, ամենից լավն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի վերընտրման թեմայի վերաբերյալ ցանկացած ըմբռնելի և հիմնավորված մեկնաբանության բացակայությունը։

Եվ պետք չէ բողոքարկել ընտրությունների ընթացքում խախտումները․ նրանք միգուցե եղել են և նույնիսկ՝ ոչ քիչ։ Վարչական ներուժի կիրառման դեմ բողոքարկել ևս պետք չէ. որտե՞ղ ենք մենք տեսել իշխանություն, հատկապես հետխորհրդային երկրներում, որտեղ այն չի կիրառվել։ Առհասարակ` բողոքարկել չարժե։

Չարժե որովհետև որքան էլ լինեն խախտումները՝ հազարավորները քվեարկել են այնպես, ինչպես որ քվեարկել են։ Ասել, թե նրանց ստիպել են՝ անիմաստ է, նույնիսկ՝ մանկամիտ։ Թեկուզ հենց նրա համար, որ քվեարկության ժամանակ քաղաքացին մենակ է խցում և ունի կամք՝ ընտրելու իր խղճի մտոք։ Եվ չարժե ողբալ, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ավանդաբար հայտնվել են երկրի սահմաններից դուրս՝ գումար վաստակելու նպատակով, նախկինում ունեին հնարավորություն քվեարկելու, իսկ այսօր այդ հնարավորությունից նրանց զրկել են։

Սակայն դա էլ ոչ մի կերպ չի պատասխանում հարցին, թե ինչպես ստացվեց այն՝ ինչ ունենք այսօր։

Ի՞նչ է կատարվում հայ ընտրողի ուղեղում․ պատասխանը անհաջող կերպով փնտրում են վերլուծաբանները, դիտորդները, փորձագետները։ Վերլուծելով արդյունքը՝թվում է, թե պարադոքսալ է այդ ընտրությունը և մեծ հաշվով՝ նույնիսկ դա քվեարկություն էլ չէ՝ դասական իմաստով։

Քվեարկությանը մասնակցածներից յուրաքանչյուրը, հուսով եմ, կկարողանա բացատրել, թե ինչու է քվեարկել ընտրված թեկնածուի օգտին։ Բացատրությունները կարող են շատ տարբեր լինել ՝ սկսած «Ի հակառակ տատիկիս՝ ականջներս մրսեցնելու եմ» տրամաբանությունից՝ մինչև լիովին գիտականորեն հիմնավորված տարբերակը: Եթե որևէ մեկը հետաքրքրված է դրանով՝ կարող է համապատասխան հետազոտություն անցկացնել՝ դա ներդրում կլինի «Սոցիալական հոգեբանություն» կոչվող գիտության մեջ։

Պարզապես ժամանակն է հասկանալու և ընդունելու ակնհայտ այն փաստը, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շուրջ զարգացումները ինչ-որ պահից սկսած կախված չեն պետական կազմավորումներից, որոնք դադարել են դեր ունենալ և այսօր հայտնվել են վիճակագրի կարգավիճակում։ Գործընթացների հեռակառավարման վահանակը գտնվում է տարածաշրջանից դուրս․ խոսքը նաև այդ վահանակի կառավարողների մասին է։

Եթե վերոհիշյալ խրատաբանական բնույթ ունեցող շարադրանքը փաստ չէ, այլ հիպոթեզ, ապա կամա թե ակամա պետք է ընդունենք, որ այդ հիպոթեզը բացատրում է իրադարձությունների ողջ շղթան ՝ մերթ ընդ մերթ զարմանալիորեն անտրամաբանական և անբնական։ Սակայն դրանք աչքի զարնեցին, երբ 2015-ի կեսերին երկրի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե նշանակվեց։ Հիշու՞մ եք, որ բոլորը զարմացան, ինչո՞ւ էր դա հանկարծ պետքական դարձել, ու՞մ էր խանգարում նախագահական հանրապետությունը։ Հայաստանն ու Արցախն ունեին բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք առավել կարևոր էին և անհապաղ լուծում էին պահանջում, իսկ իշխանությունները, ասես ձանձրույթից տանջվելով, որոշեցին զվարճանալ` հորինելով կառավարման խորհրդարանական ձև։

Այն, ինչ հաջորդեց 2015-ի դեկտեմբերի 6-ից հետո, երբ հանրաքվեով հաստատվեց նոր Սահմանադրությունը, հավաքվեց ձնագնդու պես, որը անհասկանալի ու անկասելի գործընթաց էր․․. Այդ թվում` անտրամաբանական թվացող «թավշյա հեղափոխականների» թիմի իշխանության գալը․․․ Այդ թվում նաև անցած ընտրությունների արդյունքները:

Եվ որքան ավելի շատ մարդ է հասկանում, որ եթե անգամ քվեարկեր ճաղատ սատանայի օգտին, ապա արդյունքը միևնույն է այն էր լինելու, ինչ որ ունենք, այնքան ավելի է մեծանում հասարակության ներսում անտարբերության աստիճանը։

Ընտրություններից անցել է ընդամենը մի քանի օր, որոնք տեսականորեն կարող էին, առանց չափազանցության, որոշել գոնե մեր երկրի ճակատագիրը: Նախընտրական հուզմունքից ոչինչ չմնաց, հետընտրական սպասվող ամպրոպներն ու կայծակներն այլակերպվեցին անվրդովության և կյանքի առտնին ընթացքի, որում մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով ու կենցաղով։

Նույնիսկ Հայաստանի համար գերազանցող շոգը ռեկորդային ճնշում է: Հավանաբար դա է պատճառը, որ փողոցներում գրեթե բոլոր անցորդները քայլում են առանց աչքերը բարձրացնելու՝ խուսափելով որևէ մեկի հայացքին հանդիպելուց:

 

Ռուբեն Գյուլմիսարյան (Երևան)

 

Թողնել մեկնաբանություն