Սոսիների պուրակի մեծ մասը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել դեռևս դեկտեմբերի 18-ին. Կապանի քաղաքապետ. ArmDaily

Երեկ համացանցում լայնորեն տարածվեց Ալիևների ընտանիքի շուրջպարը Սոսու ծառի շուրջ։ Ըստ տարածվող տեղեկատվության այդ ծառը գտնվում է Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդեր վարչական շրջանում։ Խոսվեց, որ Կապանի Սոսիների պուրակը հանձնվել է Ադրբեջանին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասաց, որ դեկտեմբերի 18-ից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացել է Սոսիների պուրակի փոքր մասը, իսկ մեծ մասն անցել է ադրբեջանական կողմին։

«Հնարավոր է լուսանկարն այնտեղ արված լինի, որովհետև Սոսիների պուրակի փոքր հատվածն է մեր վերահսկողության տակ մնացել, իսկ մեծ մասն իրենց վերահսկողության տակ է հենց առաջին օրվանից՝ դեկտեմբերի 18-ից»,- ասաց Փարսյանը։

«Միգուցե հին փաստաթղթեր կան, բայց թե քարտեզներով, թե չարաբաստիկ Google Map-ով երևում է, որ այդ փոքր հատվածը մեր հատվածում է, մեծն՝ իրենց։ Ինչ վերաբերում է 1958 թվականի սովետական միության քարտեզին, հնարավոր է, բայց դրանից հետո մի քանի հատ էլ քարտեզ է եղել»,- պարզաբանեց Կապանի համայնքապետը։

Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ևս հաստատեց, որ Սոսիների պուրակի մեծ մասն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ դեռևս դեկտեմբերի 18-ին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն