«Ստացվում է, որ թուրքերը թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի կողմից որակվել են որպես Ցեղասպան ժողովուրդ, մնացածը կախված է մեր դիվանագիտությունից». Սուրեն Սարգսյան

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը քաղաքական հստակ գնահատական է, որը համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը՝ նախորդ դարասկզբին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ: Սա նաև հիմք է հանդիսանում իրավական գործընթաց սկսելու՝ օրենքի ուժով մերժումը արգելելու կամ, ասենք, ապահովագրական ընկերություններից կամ ամերիկյան բանկերում սառեցված միջոցներից փոխհատուցում ստանալու համար: Սակայն, սա չի հանգեցնելու որևէ տեսակի փոխհատուցման, քանի որ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը»,- ասում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում` անդրադառնալով նախօրեին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ կատարած հայտարարության թեմային։

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հատկապես հիմա ԱՄՆ-ն՝ ի դեմս նախագահ Բայդենի, որոշեց գնալ նման քայլի, Սուրեն Սարգսյանը նկատում է՝ դրան, նախ և առաջ, նպաստեցին գլոբալ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներն ու հայ համայնքի կողմից այս ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները. «Սա, առաջին հերթին, պայմանավորված էր թուրք — ամերիկյան հարաբերություններով։ Սրանով, կարելի է ասել, ԱՄՆ-ն պատժեց Թուրքիային։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն, ուղղակի կերպով, հակասության մեջ է մտել Միացյալ Նահանգների վարած քաղաքականության հետ՝ թե՛ սիրիական, թե՛ Մերձավոր Արևելքի, թե՛ եվրոպական ուղղությամբ, թե՛ Կիպրոսի և Հունաստանի հետ կապված հարցերում»,- ասում է Սուրեն Սարգսյանը։

Նկատառմանը՝ ինչո՞ւ Բայդենն իր ելույթում չհիշատակեց մեր կողմից պատմական հայրենիք հանդիսացող Արևմտյան Հայաստանի անվանումը, Սուրեն Սարգսյանը պատասխանում է՝ իսկ ինչո՞ւ նա պետք է անդրադառնար Արևմտյան Հայաստանի հիշատակմանը, դրա կարիքը պարզապես չկար։ Իսկ թե ի՞նչ նպատակով նա իր ելույթում հիշատակեց Օսմանյան կայսրության անունը, ապա սա, ըստ միջազգայնագետի հայտնած կարծիքի, պայմանավորված էր զուտ ժամանակագրական ճշգրտում մտցնելու, այսինքն` իրականացված ցեղասպանության տարեթվերի ճշգրտման հետ (1915-23 թթ.) որը համընկնում է Թուրքիայում իշխող Օսմանյան կայսրության փաստի հետ. «Բացի այդ, Ջո Բյեդենն իրականացրեց այն խոստումը, որ տվել էր հայ համայնքին` միաժամանակ կատարելով այն խնդիրը, որ իր առաջ դրել էր ԱՄՆ-ում ապրող այդ նույն հայ համայնքը։ Միևնույն ժամանակ «իր այս քայլով ԱՄՆ նախագահն իր հստակ գնահատականը տվեց նախորդ դարասկզբին տեղի ունեցած պատմական իրողություններին»,- ասում է միջազգայնագետը։

Արդյո՞ք Բայդենի կողմից արված հայտնի հայտարարությունն իր մեջ Ցեղասպանության պահանջատիրական մասի առնչությամբ որևէ աղերս կամ հիշատակում պարունակում է։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը վստահ է՝ չի կարող ԱՄՆ նախագահի կողմից արված այդօրինակ հայտարությունը կամ դրա տեքստն իր մեջ պահանջատիրական որևէ տեսակի նկրտումներ պարունակել. «Դրա պատճառն այն է, որ սա այլ պետության նախագահի կողմից արված հայտարարություն է։ Փոխարենը, պահանջատիրական բնույթի տարրեր պետք է ակնկալել միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից արված հայտարարություններում»,- նկատում է բանախոսը։

Հարցին՝ ի՞նչ ռիսկեր է իր մեջ պարունակում Բայդենի ապրիլ 24-յան վերջին հայտարարությունը հայկական կողմի համար և արդյո՞ք այն կարող է որևէ կերպ առնչություն ունենալ սյունիքյան սահմանային վերջին զարգացումների հետ, միջազգայնագետը պատասխանում է՝ Սյունիքի մասով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունը որևէ կապ կամ աղերս ունենալ չի կարող, սա բացառվում է.

«Կարո՞ղ է արդյոք Թուրքիան գազազել և ագրեսիվ բաներ անել՝ միշտ էլ կարող է: Բայց այստեղ հետևյալ հանգամանքը կա՝ սա, ինչպես արդեն ասացի, ԱՄՆ նախագահի խոստումն է իր քաղաքացիներին՝ ամերիկահայերին: Հայաստանն այստեղ կապ չունի: Մարդն իր ընտրողին բան է խոստացել ու արել է: Միաժամանակ, ամերիկացիներն արեցին ամեն ինչ, որպեսզի այս որոշումը Թուրքիայի համար շոկային չլինի: Շաբաթներ շարունակ նրանք տարատեսակ ԶԼՄ-ներով «սլիվեր» կազմակերպեցին։ Բացի այդ, Բայդենն անձամբ Էրդողանին տեղեկացրեց իր այս մտադրության մասին։ Ի՞նչ կտա սա մեզ՝ սրա կապիտալիզացիան անծայրածիր կարող է լինել՝ սկսած Թուրքիայի նկատմամբ ճնշումներից, մինչև նախադեպ՝ այլ պետությունների հետ աշխատելու համար: Փաստացի ստացվում է, որ թուրքերը թիվ մեկ գերտերության՝ ԱՄՆ-ի կողմից որակվել են որպես Ցեղասպան ժողովուրդ: Մնացածը մեր դրսևորած ունակություններից ու դիվանագիտությունից կախված հարցեր են»,- նկատում է Սուրեն Սարգսյանը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ նախագահի կողմից արված ապրիլ 24-յան հայտնի հայտարարությունը ենթակա է հավելյալ վավերացման, միջազգայնագետը հստակեցնում է. «Ոչ ոք ոչինչ վավերացնելու կարիք այլևս չունի։ Սա քաղաքական դիրքորոշում է՝ Բայդենը հայտնել է իր դիրքորոշումը, որն, ըստ էության, ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման փաստ է և վերջ»,- ամփոփելով զրույցն, ասում է Սուրեն Սարգսյանը։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն