ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱԾ գեներալ-մայոր ներկայանալով՝ բանակից ազատելու գործընթաց է սկսել. զինվորի մայրը՝ մեղադրյալ. ArmLur

Իրավապահները բացահայտել են անօրինական ճանապարհով բանակից ազատման հերթական դեպքը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մերի Պետրոսյանի որդին՝ Նորայր Մարկոսյանը, 2018 թվականի ամառային զորակոչին զորակոչվել է զինվորական ծառայության Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ: 2018 թվականի սեպտեմբերին Մերի Պետրոսյանը ծանոթացել է Արման Սարգսյանի հետ, ով վերջինիս ներկայացել է իբրև ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա`  գեներալ-մայորի կոչումով, իսկ Մերի Պետրոսյանի հետ հանդիպումներին գնացել է նախապես իր կողմից ձեռքբերված գեներալ-մայորի զինվորական համազգեստով: Շփումների ընթացքում Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ ինքը որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից կարող է Մերիի որդու օգտին կատարել գործողություններ, զբաղվել նրան զինվորական հետագա ծառայությունից ազատելու հարցով:

Արդյունքում, Արման Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ 1000 ԱՄՆ դոլարի դիմաց կարող է օգնել Նորայր Մարկոսյանին ազատել հետագա զինվորական ծառայությունից, որից հետո Մերի Պետրոսյանի և Արման Սարգսյանի միջև ձեռք է բերվել 1000 ԱՄՆ դոլար կաշառքի միջոցով Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ պայմանավորվածություն: Այդ նպատակով 2018 թվականի սեպտեմբերին Մերի Պետրոսյանն Արման Սարգսյանին հանձնել է պայմանավորված 1000 ԱՄՆ դոլարը: 2018 թվականի դեկտեմբերին Արման Սարգսյանը Մերի Պետրոսյանին հայտնել է, որ անհրաժեշտ է ևս 500 ԱՄՆ դոլար` Նորայր Մարկոսյանին հետագա զինվորական ծառայությունից ազատելու գործընթացն ավարտին հասցնելու համար, որից հետո, նույն ամսին Մերի Պետրոսյանն Արման Սարգսյանին հանձնել է ևս 500 ԱՄՆ դոլար:

Այսպիսով, Մերի Պետրոսյանը, վստահ լինելով Արման Սարգսյանին պաշտոնատար անձ հանդիսանալու փաստի մեջ, վերջինիս կողմից իր որդու օգտին որոշակի գործողություններ կատարելու նպատակով ընդհանուր խոշոր չափի՝ 776.035 ՀՀ դրամին համարժեք գումարը որպես կաշառք հանձնել է Արման Սարգսյանին, սակայն, վերջինս, ստանալով գումարը, Մ.Պետրոսյանի որդու օգտին որևէ գործողություն չի կատարել, այլ խարդախությամբ, այն է` չարաշահելով Մ. Պետրոսյանի վստահությունը, խաբեությամբ նրանից հափշտակել է խոշոր չափի գումար:

Արդյունքում այս գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել զինվորի մայրը, հայրը եւ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյա ներկայացած Արմեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն