ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խարդախություններ փոստային ծառայության կեղծ կայքի միջոցով. ոստիկանությունը զգուշացնում է

Ժամանակակից կյանքում, օգտվելով համակարգչի, սմարթֆոնի և ինտերնետի ընձեռած հնարավորություններից, ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց՝ վճարումներ անել, վարկեր ձևակերպել, ապրանք գնել ու վաճառել առանց տնից դուրս գալու։ Տեխնոլոգիապես արագ զարգացող կյանքում բազմաթիվ խնդիրների լուծումն իսկապես հեշտացել ու հեշտանում է, սակայն դրան զուգահեռ արագ զարգանում են նաև տեխնոլոգիական հանցավոր գործիքներով հանցավոր դրսևորումները։ Վերջին օրերին ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են խարդախությունների վերաբերյալ մտահոգիչ քանակի ահազանգեր ու հաղորդումներ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում աշխատում է մանրամասն հաշվարկված, մշակված ու, այսպես ասած, ինտելեկտուալ հանցավոր մեխանիզմ։
Ոստիկանությունը պարբերաբար հորդորում ու տեղեկացնում է, որ ոչ մի դեպքում անծանոթներին չտրամադրեք ձեր բանկային քարտի տվյալները։


Ներկայացնենք խարդախության նոր մեխանիզմը, որից տուժած քաղաքացիների թիվն ավելանում է օր օրի։ Այստեղ թիրախավորվում են առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։ Առաջին քայլով խարդախը, հիմնականում՝ «Վոթսափ» հավելվածի միջոցով, կապ է հաստատում վաճառողի հետ։ Հայտնում է, որ ցանկանում է գնել ապրանքը, ապա ասում, որ ինքն, ասենք, հեռավոր մի մարզում է և խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար. վաճառողին մնում միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով, փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները և սպասել առաքիչի զանգին, որը կգա ու կվերցնի վաճառված ապրանքը։ Մասնագետի խոսքով՝ հենց այստեղ կիրառվում է տեխնոլոգիական հնարք։ Գնորդի ուղարկած հղումը, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում փոստային ծառայության պաշտոնական կայքից, իրականում պարզապես դրա լավ մշակված կրկնօրինակն է։ Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։ Ստանալով ձեր բանկային տվյալները՝ նա անարգել տնօրինում է ձեր ֆինանսական միջոցները, այլ խոսքով՝ ձեր բանկային քարտից փոխանցումներ ու կանխիկացումներ է անում։ Զոհին ավելի մոլորեցնելու համար կեղծ գնորդը նույնիսկ վաճառողին հորդորում է օգտվել կայքի տեխնիկական աջակցության առցանց օպերատորի ծառայությունից, ինչը կօգնի ամեն ինչ ճիշտ անել։ Վերջում է պարզվում, որ օպերատորի փոխարեն պատասխանում է դարձյալ կեղծ կրկնօրինակը։ Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է նման մի քանի տասնյակ դեպք։ Տուժած անձանց քարտերից կանխիկացվել են տարբեր չափի գումարներ։
Կրկին զգուշացնում ենք, որ խարդախների ուղարկած հղումը առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում «Հայփոստի» պաշտոնական կայքից, բայց իրականում դրա լավ մշակված կրկնօրինակն է։ Խարդախության այս մեխանիզմին զոհ չդառնալու, հանցագործության նոր դեպքերը կանխելու համար հորդորում ենք լինել առավել զգոն:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն