ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լուծումը մեկն է՝ օրենքով արգելել միասեռականության քարոզը. Հայկ Այվազյան

Վրաստանում մեծ թափ են ստացել ներքին բախումները` պայմանավորված ԼԳԲՏ խմբերի ակտիվացմամբ, փառատոններ և տեսաֆիլմերի դիտումներ կազմակերպելով։

Հարցի առնչությամբ «Փաստարկ» լրատվականը զրուցել է «Լույս» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։

Պարո՛ն Այվազյան,  Հայաստանում ԼԳԲՏ համայնքի կողմից ակտիվացում նկատո՞ւմ եք։

Ես իրենց համայնք չէի անվանի, բայց ասեմ, որ միասեռականության քարոզով զբաղվող կազմակերպություններն անընդհատ ակտիվ աշխատանք են իրականացնում։ Պարտադիր չէ, որ այդ աշխատանքն ամեն օր տեսանելի լինի։ Ունենալով քաղաքական և ֆինանսական աջակցություն` այդ կազմակերպություններն աշխատում են երիտասարդության հետ և տարբեր` առաջին հայացքից գրավիչ թեմաներով փորձում են եթե ոչ դրական, ապա առնվազն չեզոք վերաբերմունք սերմանել միասեռականության նկատմամբ։ Եվ երբ որ բնակչության շրջանում կոտրվում է այն վերաբերմունքը, որ միասեռականությունը դա այլասերում է, ապա համապատասխան օրենքներն էլ դժվար չի լինում արդեն առանց դիմադրության անցկացնել։

Այսօր Վրաստանում մեծ հավաք էր. դա կարո՞ղ է ազդակ լինել մեզ համար։

Վրաստանում տեղի ունեցած հավաքը այսպես կոչված «հպարտության ամսվա» շրջանակներում էր իրականացվում։ Խնդիրն այն է, որ չնայած ավանդապահ կեցվածքը Վրաստանում դեռևս գերակշռում է, բայց միևնույն է` Վրաստանը դատապարտված է լինելու օրենքով այդ այլասերումներն ամրագրել, քանի որ ընտրել է եվրաինտեգրման ճանապարհը, իսկ դա անխուսափելիորեն հանգեցնելու է դրան։ Վրացիները որքան ուզում են կարող են փողոցում բողոքել, բայց օրենքները կամաց-կամաց ընդունվելու են։ Ընդ որում, դրանք ընդունվելու են մաս առ մաս, որպեսզի հասարակությունը դրանցից վտանգ չզգա։ Եվ այդ օրենքներով աստիճանաբար փոխելու են հասարակության ընկալումները։

ԼԳԲՏ խմբերի ակտիվացումը կարո՞ղ է սկիզբ դառնալ ՀՀ֊ում նոր կոնվենցիաների վավերացման։

Կոնվենցիաների ընդունումը կախված չէ այդ այսպես կոչված «համայնքի» հետ։ Այդ կոնվենցիաների ընդունումը քաղաքական պարտադրանք է Արևմուտքի՝ մասնավորապես Եվրամիության և ԱՄՆ պետքարտուղարության կողմից։ Վստահ եմ, որ տարբեր կոնվենցիաների, այդ թվում նաև ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձ լինելու է։

Ի՞նչ լուծումներ կան այդ խմբերի ամրապնդումը ՀՀ֊ում կանխելու համար և արդյո՞ք դրա կարիքը կա։

Լուծումը մեկն է՝ օրենքով արգելել միասեռականության քարոզը։ Այնպես, ինչպես դա արել է օրինակ Ռուսաստանը։ Սակայն պարզ է, որ այս իշխանության օրոք ոչ միայն դա տեղի չի ունենա, այլ տեղի կունենա ճիշտ հակառակը՝ փորձեր կարվեն ընդունել մեր քրիստոնեական արժեհամակարգի դեմ օրենքներ և միջազգային պայմանագրեր։ Ի վերջո այդ ամենի նպատակն է փոխել ընտանիքի ինստիտուտի մասին ավանդական պատկերացումները, օրենքով միասեռական զույգերին տալ ընտանիքի կարգավիճակ դրանից բխող բոլոր հետևանքներով։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն