Թե ինչպես Ներոնն այրեց Հռոմը և շարունակեց մնալ կայսր

Ինչո՞ւ է բանական և արարչագործության զարդ համարվող մարդն ու նրա ստեղծած համույթը ՝հասարակությունը, այսքան դժբախտ: Դժբախտ` ամեն ինչում։ Գուցե պատճառը շարունակական դավաճանությո՞ւնն է, գիտության կամ առողջության պակա՞սը, թե՞ աշխարհագրական դիրքն ու բնական պայմանները։ Իմ կարծիքով` ոչ մեկը: Որովհետև նկատելու դեպքում, վերը նշվածները կարելի է անմիջապես ժամանակի կարճ հատվածում կա’մ վերացնել, կա’մ հարմարեցնել:
Ուրեմն խնդիրն այլ բանում է և այդ այլ բանը ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ է: Երբ սերունդը տգետ է, ապա ժամանակի մի հսկա հատված ՝ մի քանի սերնդափոխություն է անհրաժեշտ` վերացնելու այդ տգիտությունը, և հարց է` շրջապատող աշխարհը քեզ կտա՞ այդ ժամանակը, թե՞ ոչ: Առավել մեծ է դժբախտությունը երբ տգետ սերունդը երկրի ղեկավար է առաջնորդում իրենից առավել ՏԳԵՏԻՆ։
Հետևաբար, ով է տգետը և ինչպես ճանաչել նրան:
Պատմությունը տվել է շատ օրինակներ, բայց բերեմ ամենափայլունը:
Ներոն ՝ Հռոմի բացարձակ տգետը։ Նա կայսրությունը հասցրեց գրեթե փլուզման եզրին, իսկ տնտեսությունը կործանեց։ Վաղեմի հզոր երկիրը, որն իր նախորդ կայսրերի ՝ Կեսարի, Օգոստոսի, Տիբերիոսի օրոք հասել էր աներևակայելի չափերի, այս տգետի պատճառով հայտնվեց խայտառակ վիճակում։ Սարսափելի պարտություն Հայաստանում, Բրիտանիայում, Գերմանիայում և Աֆրիկայում։ Աղքատություն և ունեզրկում իտալիայում, և դեռ այդքանը քիչ էր` նա այրեց նաև Հռոմը:
Եվ ահա, երբ վառվում էր Հռոմը և մահանում էին հազարավոր մարդիկ, վերջապես, Հռոմի Տգետ հասարակությունը ՝ ՊԼԵԲՍԸ, որոշեց ընդդիմանալ։ Նրանք հարձակվեցին Ներոնի պալատի վրա։ Դե իհարկե, Ներոնին հասնել չէին կարող, քանի-որ նախկին կայսրերից նա միակն էր, որ ստեղծել էր հատուկ զորամիավորում` իր անձը պաշտպանելու համար` պրետորիականների գունդը ՝ պետության հաշվին:
Բայց իրավիճակը կրիտիկական էր. Հռոմն` այրված, ժողովուրդը` սոված, բանակը` պարտված: Պետք է մի բան արվեր։ Եվ ահա Տգետը դիմում է մի քայլի, որը հետագայում պետք է կրկնեին շատ ու շատերը, որը պետք է դառնար բոլոր Տգետների ու տգետ հասարակությունների բնութագրիչ գլխավոր ատրիբուտը։ Այդ գործողությունը պետք է ծներ կառավարչի մի տեսակ, որի ծիլերն անցյալում էին ՝ թաքնված կրոնում, բայցՆերոնն այն ծառ դարձրեց ու տիպար:
Եվ ահա, Ներոնն իր մոտ է կանչում իր պալատի միակ խելոք մարդուն, Պետրոնիոսին, որին մեծարանքով անվանում էին ,,Arbiter elegantiarum,,։ Նրանց միջև տեղի ունեցավ հետևյալ խոսակցությունը.
— Պետրոնիո՛ս, եթե դուրս գամ ժողովրդի առջև, ծնկեմ ու լաց լինեմ, երգեմ ու ողբամ զոհերին, ի՞նչ ես կարծում, կշահե՞մ նրանց սրտերը,- հարցնում է Ներոնը:
— Այո՛, տե՛ր, եթե միայն թողեն, որ դու սկսես,- պատասխանում է Պետրոնիոսը։ Վախեցած ու վախկոտ Ներոնը խնդրում է,- այդ դեպքում ինքդ գնա ժողովրդի մոտ և խոսիր իմ անունից։
— Ի՞նչ խոսեմ,- հարցնում է Պետրոնիոսը:
— Խոստացի՛ր,- ասում է Ներոնը,- ԽՈՍՏԱՑԻ՛Ր ԱՄԵՆ ԻՆՉ։
Երբ Պետրոնիոսը գնում էր ժողովրդի հետ խոսելու, Ներոնը նրան կանգնեցնում և ասում է,- Պետրոնիո՛ս, միայն խոստացիր ամեն ամենայն անհնարինը։
Իհարկե, Ներոնը ճիշտ էր, ճիշտ` լավ սուտ մատուցելու և իրենից տգետներին կերակրելու առումով: Որովհետև, եթե խոստանաս հնարավորը, ապա արդեն ըմբոստացած ամբոխn առանց քեզ էլ այն կվերցնի: Այ, եթե խոստանաս անհնարինը, ապա տգետ ամբոխը կհանգստանա` այն ունենալու երազանքով, քանի — որ երբեք իրենով դրան չի հասնի: Իսկ հետո կարելի է ամեն կերպ բացատրել, թե ինչու ամբոխը չստացավ խոստումը , չէ՞-որ դա անհնարին էր, և բազում խոչնդոտներ կային:
Ներոնը Պետրոնիոսի միջոցով տվեց տեսարաններ /շոու/, բայց ոչ հաց, տվեց խոստումներ, բայց ոչ տուն, տվեց երազանք, բայց ոչ առօրյա։ Ներոնը դարձավ ՏԻՐԱՆ, երբ կա օրենք, բայց իր միտքն ավելի ճիշտ է օրենքից։ Երբ կա պարտություն, բայց տգետ ամբոխը հաղթել է, որովհետև ունի իրեն ՝ Մեծն Ներոնին իր կողքին:
Խոստացիր բայց միայն անհնարինը /Գերադրական Սուտը/։ Այս ճանապարհով գնացին Կրոմվելը, Ռոբեսպիրը, ԼԵՆԻՆԸ։
Ներոնի խոստումը կուլ չտվեց միայն ԲԱՆԱԿԸ, քանզի նրա համար պարտությունը պարտություն է, երազանքը ՝ առօրյա, հաղթանակը ՝ պատիվ: Բանակը հեռացրեց Ներոնին, բայց ավաղ` Ներոնիզմը մնաց: Որովհետև Տգետը սերմնացան է, սերմացուն ՝ սուտը, իսկ հողը` տգետ ամբոխը, որն ի վերջո ծնում և վերարտադրում է և՛ սերմին, և՛ սերմնացանին։ Իսկ նրանց շրջապատող աշխարհը` խոստումն ու անհնար խոստումն են:
Ինչպես սատանան խոստանում է ամեն ինչ ժամանակի մեջ, բայց տանում է հոգիդ …  ՀԱՎԵՐԺ։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն