Թուրքիան հրաժարվել է ընդունել Աֆղանստանի փախստականներին

Թուրքիան մտադիր չէ իր վրա վերցնել մյուս երկրների միջազգային պարտավորությունները և Աֆղանստանում իրավիճակի սրումից հետո իր երկիր ընդունել նոր գաղթականների։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը։

«Մենք զարմանքով ենք ընդունել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունը, ով Թուրքիան համարել է ամենահարմար տեղը աֆղանստանցի փախստականների համար։ Թուրքիան ոչ մի դեպքում իր վրա չի վերցնի երրորդ երկրների միջազգային պարտավորությունները և չի ընդունի գաղթյալների նոր հոսք։ Մենք կտեղեկացնենք այդ մասին բոլոր մակարդակների մեր գործընկերներին՝ նշելով, որ Թուրքիան չի դառնալու Եվրամիության սահմանապահը կամ ճամբար ապաստան խնդրողների համար»,- նշել է նա։

Ավելի վաղ՝ Կուրցը Bild թերթի հարցազրույցում կարծիք էր հայտնել , որ Աֆղանստանի փախստականները պետք է փախչեն կամ իրենց երկրի անվտանգ շրաջններ կամ Թուրքիա։ Ավստրիայի կանցլերի կարծիքով՝ դա ավելի լավ տարբերակ է, քան Ավստրիայում, Գերմանիայում կամ Շվեդիայում ապաստան փնտրելը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն