Թուրքիան կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանին տարածաշրջանում. Ստեփան Գրիգորյան

Թուրքիան հավասարակշռված և կանխատեսելի քաղաքականություն վարող երկիր է։ Հարցն այն չէ, թե արդյոք Անկարայի արտաքին քաղաքական կուրսը հաճելի է, թե ոչ։ Անկարան հետապնդում է իր շահերը և հիմնվում է դրանց վրա՝ միաժամանակ վարելով լուրջ քաղաքականություն։ Այսպիսի հայտարարություն է կատարել «հայ» քաղաքական գործիչ» ներկայացող Ստեփան Գրիգորյանը` «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։

Հայաստանին անհրաժեշտ է երկխոսություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Նման շփումները պետք է հաստատվեն առանց միջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի։ Այս միտքն «Անադոլու» (AA) գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, ՀՀՇ-ից ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Գրիգորյանը։

Գրիգորյանը AA-ի հետ զրույցում մեկնաբանեց 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքները և տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման թեման։

Նրա կարծիքով, Հարավային Կովկասում Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո պայմաններ են ստեղծվել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման համար։

«Հայաստանը պարտվել է պատերազմում և այս փուլում թույլ է։ Կառավարությունը ստիպված է երկխոսության գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց դրանք պետք է լինեն առանց միջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի։ Գործընթացը պետք է ընթանա ոչ թե բազմակողմ ձևաչափով, այլ երկկողմ հարթությունում»,- ասաց Գրիգորյանը։

Փորձագետը չբացառեց, որ Թուրքիան կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանին տարածաշրջանում։

«Թուրքիան հավասարակշռված և կանխատեսելի քաղաքականություն վարող երկիր է։ Հարցն այն չէ, թե արդյոք Անկարայի արտաքին քաղաքական կուրսը հաճելի է, թե ոչ։ Անկարան հետապնդում է իր շահերը և հիմնվում է դրանց վրա՝ միաժամանակ վարելով լուրջ քաղաքականություն»,- ասաց նա։

Գրիգորյանը ողջամիտ է անվանել Զանգեզուրի շրջանում միջանցք բացելու Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկը։ «Թուրքիան ձգտում է Նախիջևանի  միջով ճանապարհային և երկաթուղային երթուղիներ հաստատել դեպի Հայաստան, դեպի Ադրբեջան և ավելի ուշ` դեպի Կենտրոնական Ասիա: Այսպիսով, Անկարան ձգտում է մերձենալ այն երկրների հետ, որոնց հետ կապված է ընդհանուր պատմությունը, մշակույթը և լեզուն: Սա հասկանալի ցանկություն է։ Չենք կարող ասել, որ այդ երթուղին հակասում է բուն Հայաստանի շահերին։ Ռուսաստանը նույնպես պաշտպանում է այս գաղափարը և ճնշում է գործադրում Երևանի վրա այս ուղղությամբ»,- ասաց հայ փորձագետը։

Նրա խոսքով, հենց «միջանցք» տերմինաբանությունը դժգոհություն է առաջացնում հայ հասարակության մեջ. գաղափար է ձեւավորվում, որ այդ երթուղին լինելու է Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը փորձում է շահարկել կողմերի դիրքորոշումները։ Ուստի բանակցությունները պետք է ընթանան առանց միջնորդների»,- ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման նախորդ բանակցությունների ճանապարհին հիմնական խոչընդոտը հենց Ղարաբաղի հարցն էր։ «Ադրբեջանը ներկայումս վերահսկում է յոթ շրջաններ, ինչպես նաև Ղարաբաղի մի մասը, այդ թվում՝ Շուշին և Հադրութը։ Այսօր մենք խաղաղություն հաստատելու ավելի լավ հնարավորություն ունենք, քան նախկինում։ Կողմերը կարող են բանակցել առանց միջնորդների»,- ընդգծեց փորձագետը։

Գորիգորյանը նշեց, որ Մոսկվան նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ դեմ է արտահայտվել Երեւանի, Անկարայի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը։ «Այն ժամանակ ընդունված սխալ որոշումները բերեցին նրան, որ Հայաստանի անվտանգությունն ու տնտեսությունն ամբողջությամբ վստահված էին Ռուսաստանին։ Իսկ վերջին պատերազմի ժամանակ Մոսկվան մեզ ասաց. «Կներեք, բայց այս պահին մեր շահերը չեն ենթադրում ձեր պաշտպանությունը»։ Մենք մնացինք մենակ։ Չնայած Արևմուտքի դիրքորոշմանը, Հայաստանը սատարում էր Ռուսաստանին ՄԱԿ-ում, ԵԽ-ում և ՏՀԶԿ-ում։ Դե, Ռուսաստանը մեզ «շնորհակալություն հայտնեց»՝ երես թեքելով ղարաբաղյան պատերազմի օրերին։ Ռուսաստանը Հայաստանի համար վստահելի գործընկեր չէ. Թուրքիան շատ ավելի վստահելի է»,- ասաց փորձագետը։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն