Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայության մանդատը

2021 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով.

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը) հավանություն է տվել Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատի երկարաձգմանը` գրում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված օրինագիծը հաստատվել է երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, խորհրդարանի լիագումար նիստում։

Այսպիսով, 2021 թվականի նոյեմբերի 17-ից Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով։

2020 թվականի նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանի լիագումար նիստում հավանության էր արժանացել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ։

Խորհրդարանը թույլ էր տվել մեկ տարի ժամկետով ռազմական անձնակազմ ուղարկել Ադրբեջան՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին համաձայնագրի դրույթներից բխող պարտավորությունները կատարելու համար՝ հրադադար հաստատելու, խախտումները կանխելու, խաղաղություն ապահովելու նպատակով,- հայտնում է Anadolu գործակալությունը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն