«Վաղվանից Հայաստանում 55–ից բարձր տարիքի քաղաքացիները կպատվաստվեն «AstraZeneca»–ով». Առողջապահության նախարար

«Մենք վարում ենք երկկողմանի բանակցություններ և ունենք նաև երկկողմանի պայմանավորվածություններ՝ նախ և առաջ Ռուսաստանի Դաշնության հետ, որի առնչությամբ՝ արդեն իսկ կնքված համաձայնագրի արդյունքում, Հայաստան է ժամանել կորոնավիրուսային վարակի դեմ նախատեսված 15.000 դեղաչափ պատվաստանյութ, որ կբավարարի 7500 անձի՝ պատվաստվելու համար»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ասում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն` անդրադառնալով Հայատանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի կիրառության թեմային և հավելում, որ հայկական կողմն ակտիվ աշխատանքային կապերի մեջ է ռուս գործընկերների հետ, ինչը, ըստ վերջինիս հավաստման, շարունակական բնույթ է կրելու։ Նախարարը տեղեկացնում է նաև այն մասին, որ դոնորության հիմունքերով տրամադրվելիք պատվաստանյութ ստանալու վերաբերյալ Հայաստանը պայմանավորվածություն ունի նաև Չինաստանի հետ, որն առաջիկայում նույնպես կժամանի Հայաստան։

Խոսելով հասարակության լայն շրջանակներում մեծ աղմուկ առաջացրած «AstraZeneca»-ի թեմայով` նախարարը հայտարարում է՝ լրացուցիչ ապահովության և անվտնագության հարցերից ելնելով, պատվաստանյութի կիրառության համար կառաջնորդվեն տարաիքային սահմանափակմամբ. «Մենք մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացությունները և որոշում ենք կայացրել, որ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելու համար տարիքային շեմ կսահմանվի։ Վաղվանից՝ ապրիլի 13-ից, 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար պատվաստումները կմեկնարկեն մայրաքաղաք Երևանում, իսկ ապրիլի 14-ից պատվաստումներ կիրականացվեն նաև մարզերում»,- ասում է Առողջապահության նախարարը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն