Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

Վրաստանի նախագահի նստավայրում` «Օրբելիանի» պալատում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում։

«Իմ անկեղծ գոհունակությունն եմ հայտնում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով այսօր կրկին հարևան և բարեկամ Վրաստանում գտնվելու համար: Վստահ եմ, որ այցի արդյունքների հիման վրա առավել կամրապնդենք մեր երկու ժողովուրդների բարեկամությունը’ ի բարօրություն մեր ապագա սերունդների»,- գրել է Հայաստանի նախագահը:

Հիշեցնենք՝ սա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի երրորդ այցն է Վրաստան։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն