Ռոսկոմնադզորը սկսեց «մասնակի» արգելափակել Facebook-ը Ռուսաստանում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցցանցը սահմանափակել է մի շարք ռուսական լրատվամիջոցների, այդ թվում՝ Lenta.ru-ի և Gazeta.ru-ի աշխատանքը։
Ռոսկոմնադզորը պատժում է Facebook-ին
Ռոսկոմնադզորը հայտարարել է Facebook սոցիալական ցանց մուտքի մասնակի սահմանափակման սկիզբը։ Արգելափակման որոշումը կայացրել է գլխավոր դատախազությունը։
Մեկ օր առաջ՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, Facebook- ը սահմանափակել է երկու պետական լրատվամիջոցների՝ Zvezda հեռուստաալիքի և RIA Novosti գործակալության, ինչպես նաև Lenta.ru և Gazeta.ru ռեսուրսների օգտահաշիվների գործունեությունը։
Մասնավորապես, Facebook-ում այս լրատվամիջոցների հրապարակումները սկսել են անվստահելի նշվել, սահմանափակումներ են մտցվել նաև դրանց որոնման արդյունքների վրա։ Որպես հիմնավորում նշվեց այս լրատվամիջոցների կողմից «համայնքի կանոնների» խախտումը։
«Facebook-ի վարչակազմի կողմից ռուսական լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումները խախտում են տեղեկատվության ազատ հոսքի և դրան` ռուս օգտատերերի անարգել մուտքի հիմնական սկզբունքները», — ավելի վաղ հայտնել էր Ռոսկոմնադզորը: Ռուսական լրատվամիջոցների սահմանափակումների յուրաքանչյուր դեպքի համար գործակալությունը հարցումներ է ուղարկել Facebook-ին պատկանող Meta-ին, սակայն պատասխան չի ստացել։