Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մի շարք հարցադրումներ է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեվնող Նիկոլ Փաշինյան, որը ներկայացնում ենք ստորև.
«Ձեր անգործունակ հայտարարություններով և կոչերով միայն գործունեության պատրանք եք ստեղծում՝ վնասելով Հայաստանի պետականությանը և նրա բնակչությանը:
Հասարակությունն իրավունք ունի իմանալ.
— Ինչո՞ւ ոչինչ չեք ձեռնարկել Հայաստանի տարածք Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների ներխուժումը և հայկական բնակավայրերի մոտ տեղակայումը կանխելու համար:
— Ե՞րբ եք իմացել ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին: Արդյո՞ք տեղեկություններ ունեցել եք ռազմական ներխուժման մասին, թե՞ Հայաստանի հատուկ ծառայություններն ու ուժային կառույցները գլխավորապես զբաղված են Ձեր անձնական անվտանգությամբ և հանգստությամբ:
— Որպես գերագույն հրամանատար ի՞նչ եք արել, որպեսզի ադրբեջանական դիվերսիոն խմբավորումներին հակահարված տրվեր: Ինչո՞ւ նրանք չշրջապատվեցին և չգերեվարվեցին և դեռ գտնվում են Հայաստանի տարածքում:
— Ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ Սյունիքի մարզի իրադարձությունների կապակցությամբ օգնություն չեք խնդրել: Այս ամենը Ձեզ Ռուսաստանին «դիմելու» «արցախյան» սցենարը չի՞ հիշեցնում:
— Ինչո՞ւ եք կարգադրել դիմել ՀԱՊԿ-ին Կոլեկտիվ անվտանգության պայմանգրի 2-րդ հոդվածի հիմքով (սպառնալիք պետությանը) այլ ոչ թե 4-րդ հոդվածով (հարձակում պետության վրա):
— Պարոն Փաշինյան, պետության ղեկավարի պաշտոնակատար լինելը չի նվազեցնում Ձեր գործողությունների և անգործության համար պատասխանատվության աստիճանը: Հենց Դուք եք այսօր ինչպես Սյունիքում, այնպես էլ ամբողջ Հայաստանում կատարվող իրադարձությունների գլխավոր պատասխանատուն և մեր հայրենիքի նկատմամբ ոտնձգությունների հանդեպ հայաստանյան իշխանությունների փաստացի անգործության գլխավոր մեղավորը:
— Ձեզ կոչ ենք անում անմիջապես գործի դնել առկա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ռեսուրսները և մեխանիզմները՝ պաշտպանելու երկրի սահմանները և Հայաստանի բնակչության անվտանգությունը»: