ՀՀ կառավարական աղբյուրների համաձայն՝վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Նրանք քննարկել են ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի մարզ ներխուժելու հետևանքով ստեղծված իրադրությունն ու այն հանգուցալուծելու քայլերը:
Ֆրանսիայի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ստորաբաժանման անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Կառավարության հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն դրսևորելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:
Իր հերթին՝ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան հետագայում ևս պատրաստ է սատարել Հայաստանին՝ ծառացած մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաև Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ ի հավելումն իր երկրի նախագահի՝ անդրադարձել է այս հեռախոսազրույցին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով ցանկանում է բանաձևել` տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի մասին կայունության և անվտանգության նկատառումներով։
Ի հավելումն այս հաղորդագրություններին` Ֆրանսիայի նախագահն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում թողել է հայերենով հետևյալ գրառում. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն։ Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին՝ Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»: