Այս տարի ամենաշատ դիմորդն ունի Երևանի Պետական Բժշկական Համալսարանը. ԿԳՄՍ

ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության քննությունների հայտագրման առաջին փուլի արդյունքները: Հայտագրումն ընթացել է ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ:

Կարո Նասիբյանի խոսքով՝ այդ ընթացքում համակարգի որևէ խափանում, բողոք և դժգոհություն չի արձանագրվել. դիմորդները հնարավորություն են ունեցել 24-ժամյա ռեժիմով առցանց հայտագրվել dimord.am կայքում:

Կարո Նասիբյանը ներկայացրել է նաև հայտագրման արդյունքները, համաձայն որոնց՝ միասնական քննություններին կմասնակցի 11486 դիմորդ, որոնցից ներբուհականին՝ 1899-ը: Ներբուհական քննություններ կհանձնեն արվեստի և սպորտի բնագավառների մասնագիտություններ ընտրած դիմորդները: Բանավոր քննություններին, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, կմասնակցի 854 դիմորդ:

Ըստ բանախոսի՝ միասնական քննություններին հայտագրված դիմորդներից 529-ն Արցախի Հանրապետությունից են: Կարո Նասիբյանն այդ առումով պարզաբանել է՝ քանի որ Արցախում քննությունները կազմակերպվում են նույն թեստերով, հետևաբար քննությունների օրերը ևս նույնը կլինեն:

Ըստ մասնագիտությունների՝ դիմորդներն առավել նախընտրել են Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ»՝ 591, ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 337, ԵՊՀ-ի «Իրավագիտություն»՝ 304, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»՝ 245 և Բրյուսովի անվան պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտությունները՝ 245 դիմորդ:

Քննությունների ընթացքում կգործի 36 քննական կենտրոն, որոնցից 13-ը՝ Երևանում, իսկ 23-ը՝ մարզերում, չհաշված՝ Արցախում տեղակայված 5-ը: Պայմանավորված համավարակով՝ ձեռնարկվել են համապատասխան քայլեր և կանխարգելիչ միջոցառումներ՝ պահպանելու հակահամաճարակային բոլոր կանոնները: Մասնավորապես, այս տարի քննասենյակներում կլինեն առավելագույնը 60-80 դիմորդներ՝ ի տարբերություն նախորդ տարիների 100-120-ի: Այդ պատճառով 8-ով ավելացել է քննական կենտրոնների թիվը:

Ասուլիսի ավարտին Կարո Նասիբյանը հրապարակել է միասնական քննությունների օրերը. դրանք տեղի կունենան հունիսի 8-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ինչ վերաբերում է բանավոր քննություններին, ապա դրանք կկայանան հունիսի 26-ից հուլիսի 8-ը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն