Եվրախորհրդարանը մայիսի 19-ին հավանության է արժանացրել Եվրամիությանը և Թուրքիային վերաբերող հաշվետվությունը, որը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել XX դարի սկզբին Օսմանյան տերության մեջ իրականացրած հայերի ցեղասպանությունը։
Պատգամավորները մտահոգված են Թուրքիայի թշնամական արտաքին քաղաքականությամբ, որը վերաբերում է Հունաստանին և Կիպրոսին, Լիբիային և Լեռնային Ղարաբաղին, ինչը հակասում է Եվրամիության գերակայություններին։
«Պատգամավորները կրկնում են իրենց կոչը Թուրքիային՝ ճանաչել հայերի ցեղասպանությունը, որը կհարթի թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհը»,- հայտարարել են Եվրախորհրդարանում։
Հաշվետվությանը կողմ է քվեարկել 480 պատգամավոր, դեմ՝ 64, ձեռնպահ՝150։ Ինքը՝ Եվրախորհրդարանը, հայերի ցեղասպանությունը ճանաչել է 1987թ․։ Եվրախորհրդարանը բավական երկար տարիներ փորձում է համոզել Թուրքիային՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը։ Մասնավորապես՝ 2015թ ընդունեց բանաձև՝ Եվրամիությունում ապրիլի 24-ը ճանաչել որպես հայերի ցեղասպանության հիշատակի օր, ինչպես նաև համապատասխան կոչով դիմել է Անկարային։ Թուրքիան ի պատասխան՝ նախազգուշացրել է, որ այդ կոչերը կհանգեցնեն Եվրամիության հետ հարաբերությունների վատթարացմանը։