Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի հայտարարությանը, ասել է.
«Տարբեր առիթներով նշել եմ, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում: Հենրիխ Մխիթարյանը հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական թոփ առաջնություններում՝ հայկական ֆուտբոլն ավելի ճանաչելի դարձնելով միջազգային ասպարեզում:
Վստահ եմ՝ Մխիթարյանը կայացրել է կշռադատված որոշում, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով: Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Մխիթարյանին` իր ակումբային կարիերայի ընթացքում»:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ևս անդրադարձել է Մխիթարյանի հայտարարությանը.
«Այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ: Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից: Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»: