«Փաստարկ» լրատվականը սկսում է նոր շարք։ Ամեն օր մեր ընթերցողին կներկայացնենք, թե ի՞նչ կար — չկար «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում և ի՞նչ ունեք հիմա։
Նախատեսվում էր — Զինված ուժերը ունակ են լինելու ադապտացվելու ռազմական անվտանգության ապահովման եւ պատերազմի վարման փոփոխվող պահանջներին, անընդհատ կատարելագործվելու են, ի զորու են լինելու կանխատեսելու, կանխելու, զսպելու, հակադարձելու կամ չեզոքացնելու առկա ու հավանական ռազմական բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները, ունենալու են ժամանակակից ռազմագիտության վրա հիմնված ապակենտրոնացված ու տարատեղված գործողություններ վարելու կարողություններ` որոշումների կայացման եւ գործողությունների իրականացման ընթացքում հակառակորդի նկատմամբ առաջանցում ապահովելու նպատակով:
Ինչ ունենք հիմա — Հիմա նախընտրական ծրագրի ղեկավարը հայտարարում է, որ մեր բանակն այնքան մարտունակ չէր, որ կարողանար հաղթել կամ դիմագրավել թշնամու զորքերի առաջխաղացմանը՝ գոնե 5000 զոհերի կյանքի գնով կանխեր Շուշիի հանձնումը։ Պատերազմի ավարտից հետո էլ` Սյունիք և Գերղարքունիք անարգել մուտք գործելը և այլ։ Կամ գոնե այն մասով, որ 250 ադրբեջանցիները չդառնային 500-600 և նրանց` այդ մարտունակության արդյուքում, ստիպված չլինեին նոր կապիտուլացիա ստորագրել։
Նախատեսվում էր — Զինված ուժերը համալրված են լինելու այսօրվա ռազմական գիտության պահանջներին համապատասխան արդիական զինատեսակներով եւ տեխնոլոգիաներով, գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման եւ հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով, որոնք ավելացնելու են իրենց հարվածային եւ կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը եւ արդյունավետությունը, հետեւողականորեն զարգացնելու են բազմաֆունկցիոնալ ավիացիան, անօդաչու թռչող սարքերի համակարգերը, հակառակորդի տարածքի ամբողջ խորությամբ ռադիոէլեկտրոնային ու օդային հետախուզության կարողությունները: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվելու են ռազմական կործանիչներով։
Ինչ ունենք հիմա — Որտեղ էին այդ գերժամանակակից զինատեսակները, իշխանափոխությունից 2,5 տարի անց, երբ սկսվեց 44-օրյա պատերզմը։ Նախընտրական ծրագրի հենց այս կետը լրացնելու համար էլ, հավանաբար, Փաշինյանը հայտարարեց, որ ձեռք է բերել գերժամանակակից ՀՕՊ, փակել է 80 –ականանների զենքի ամոթալի էջը, գնել է ՍՈՒ30 կործանիչ ավիացիա և այլն։ Պատերազմից հետո մեկ առ մեկ հենց ինքը հերքեց իր տված տեղեկությունը։ Պարզվեց ՀՕՊ-ը չի աշխատել, Դավիթ գալստյանը («պատրոն Դավո») ձեռբակալվեց ոչ թե 80-ականների, այլ 70- ականների փամփուշտներ ներկրելու համար, ՍՈՒ 30-նն էլ հրթիռներ չուներ։
Նախատեսվում էր — Անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչ է հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը: Հայկական զինված ուժերը համալրված են լինելու տեղական ռազմական արդյունաբերության արտադրանքով, որը շարունակական կատարելագործման միջոցով ապահովելու է բանակի մարտունակությունը:
Ինչ ունենք հիմա — Հավնաբար այս կետը նշելիս «Իմ քայլը» դաշինքը նկատի ուներ այս ամենի «բուկլետային տարբերակը», որ ԲՏԱ նախարարությունը ցուցադրեց Աբու-Դաբի-ում։
Նախատեսվում էր — Զինված ուժերի կառավարման համակարգը լինելու է առավելապես ավտոմատացված, ունենալու է ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն եւ տեխնոլոգիական հագեցվածություն, ինչպես նաեւ կիբեր պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկա եւ կարողություններ, առաջնորդվելու է նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու եւ գործելու խթանմանը միտված «Հրամանատարում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:
Ինչ ունենք հիմա — Այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խոսում է երևությականը։ Մինչ սյունիքյան դեպքերը` ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց` կահավորված է արդյո՞ք առաջնագիծը, որին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այո՛, բայց ո՛չ պատգամավորը, ո՛չ էլ ադրբեջանցիները դա տեսնել չեն կարող։ Հավանաբար Փաշինյանը անտեսանելի առաջնագիծ ասելով ի նկատի ուներ այն իրավիճակը, երբ ադրբեջանցիները, «կահավորումը» չտեսնելով, աննկատ հայտնվեցին ՀՀ սուվերեն տարածքում։
Նախատեսվում էր — Բարելավելու ենք ծառայության պայմանները, զարգացնելու ենք զինվորական ծառայողների սոցիալական պաշտպանության համակարգը: Այսուհետ բոլոր ծառայողներն ունենալու են օրենքով սահմանված անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պարագաները:
Ինչ ունենք հիմա- Այո,՛ այս կետը զորամասերի մեծ մասում այլևս իրականությունը է, բացի այդ զորամասային ճաշարանները հագեցված են նոր ճաշացանկով՝ զինվորներին նույնիսկ ելակ են մատուցում, սակայն ռազմական փորձագետները վստահեցնում են, որ ռազմական գործողությունների ընթացքում պիցցան և ելակը առաջնագիծ հասցնել և պահեստավորել հնարավոր չէ։