«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ հանրությանը հուզող բենզինի բարձր գներին` մասնավորապես գրելով։
«Հարցում էինք ուղարկել ՊԵԿ` կապված բենզինի և դիզ.վառելիքի ներկրման գնի հետ։ Պարզվեց, որ Հայաստան բենզին և դիզ.վառելիք է ներկրվում ՌԴ-ից, ԻԻՀ-ից և Վրաստանից: Բոլոր տեսակի բենզինների ներկրման արժեքը, մինչև մաքսազերծումը, կազմում է 240,7 հազար դրամ մեկ տոննայի համար։ Իսկ մեկ տոննա դիզ.վառելիքը ներկրվում է (մինչև մաքսազերծումը) 337,9 հազար դրամով (նկար 1)։
Քանի-որ 1 տ-ում առկա է 1370 լ բենզին և 1300 լ դիզ.վառելիք (նկար 2), ապա 1 լիտր բենզինը Հայաստան է ներկրվում 176 ՀՀ դրամով, իսկ 1 լիտր դիզ.վառելիքը` 260 ՀՀ դրամ։ Հայաստանում ներկա պահին բենզինը վաճառվում է 530 – 750 ՀՀ դրամ/լ, իսկ դիզ.վառելիքը` 570 ՀՀ դրամ/լ (նկար 3)։
Հայաստան բենզին է ներկրում 5 ընկերություն, դիզ.վառելիք`10 ընկերություն (նկար 4)։
Ստացվում է, որ օրինակ Հայաստանում 750 դրամ/լ գնով վաճառվող սուպեր տեսակի բենզինը ներկրվում է 176 դրամ/լ-ով, այսինքն 4 անգամ թանկ։Ստացվում է նաև, որ նույն գնով Հայաստան ներմուծվող ռեգուլյար և սուպեր տեսակի բենզինները Հայաստանի բնակիչների վրա վաճառվում են բացարձակապես տարբեր գներով։ Հասկանալի է, որ վաճառքի կետերում ներկրման գնին ավելանում են մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), ակցիզային հարկը, բնապահպանական հարկը, շահութահարկը, եկամտահարկը, ներկրողի և վաճառողի մաքուր եկամուտը։
Բնապահպանական հարկը կազմում է ներկրման արժեքի 2%-ը, այն է` 1 տոննա բենզինի համար` 4 814 դրամ (1 լիտրի համար` մոտ 3,5 դրամ), իսկ դիզ.վառելիքի համար` 6 758 դրամ (1 լիտրի համար` մոտ 5,2 դրամ)։
Բենզինի ու դիզ.վառելիքի հարկման մյուս տեսակների մասին կգրենք հաջորդ գրառումներում, բայց փաստ է, որ բենզինն ու դիզ.վառելիքը Հայաստանում վաճառվում են ներկրման գնից բազմակի չհիմնավորված թանկ և դրա համար վճարում է ՀՀ քաղաքացին»։