Իսրայելը կարգադրում է արագացնել Իրանի դեմ պատերազմի նախապատրաստման ընթացակարգը

Տարբեր գործոններ նպաստել են Իսրայելում հակաիրանական մտայնության խորացմանը․ գործոններից մեկը Իրանի նորընտիր նախագահն է, ով համարվում է կոշտ պահպանողական, և երկրորդը՝ Թեհրանի հետ 2015 թ. միջուկային գործարքը վերականգնելու Վաշինգտոնի ցանկությունը։ Իսրայելի Պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոհավին, կարգադրել է արագացնել նախապատրաստման ընթացակարգերը՝ Իրանի դեմ հնարավոր զինված բախման դեպքում: Այդ մասին հաղորդել է ռազմական թեմաներով մասնագիտացած ամերիկյան Breaking Defense (BD) կայքէջը, որը վկայաբերում է Իսրայելի աղբյուրները:

Իսրայելի համար խթանիչ գործոններից մեկն էլ այն է, որ օգոստոսի սկզբին նախագահ Իբրահիմ Ռաիսին պաշտոնը ստանձնելուց հետո կձևավորի Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը, որը, ինչպես ակնկալվում է, լիովին կկատարի նրա հրամանները։ Այդ մասին տեղեկացնում է Իրանի հարցերով իսրայելցի փորձագետ Ուզի Ռաբին:

Մեկ օր առաջ Ռաիսին անցկացրեց իր առաջին պաշտոնական հետընտրական մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա շեշտեց, որ Իրանի արտաքին հարաբերությունները կախյալ վիճակում չեն լինելու այն որոշումներից, որոնք կընդունվեն միջուկային ծրագրի գործարքի շրջանակներում: Նա նաև հաստատել է, որ Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռների ծրագիրը ոչ մի հանգամանքում չի դառնա գերտերությունների հետ բանակցությունների առարկա: Միաժամանակ՝ Իրանի կառավարության նորընտիր ղեկավարը (նախագահի և վարչապետի պաշտոններն Իրանում զուգորդված են) մերժել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման հնարավորությունը:

Ռոն Բեն Յիշայը՝ Իսրայելի առաջատար ռազմական փորձագետներից մեկը, կարծիք է հայտնել, թե Միացյալ Նահանգները և աշխարհի մյուս տերություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ռաիսիի հետ դույզն-ինչ ողջամիտ փոխզիջման հասնելու հավանականություն չեն ունենա, ինչպես դա տեղի է ունենեցել այդ երկրի բալիստիկ հրթիռների շուրջ երկխոսությունների պարագայում:

Անցած երկուշաբթի գեներալ Ավիվ Կոհավին հանդիպել է իր ամերիկացի գործընկերոջը ՝ ԱՄՆ շտաբների պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ գեներալ Մարկ Միլլիի հետ՝ Վաշինգտոն կատարած նրա՝ քառօրյա այցի շրջանակներում, որպեսզի համոզի, որ ամերիկացի գործընկերները չվերադառնան Իրանի հետ միջուկային գործարքի հարթակ։ Ուղևորության հիմնական նպատակն ամերիկացիներին հետախուզական տվյալների տրամադրումն էր։ Իսրայելի աղբյուրների համաձայն՝ Իրանն իր միջուկային ծրագրով ապակողմնորոշում է գերտերություններին։ Մեկ այլ քննարկվելիք առանցքային թեմա է Լիբանանում «Հեզբոլլահի» հնարավոր սպառնալիքը․ Հեզբոլլահը Իրանի համար վստահարժան քաղաքական և ռազմական խմբավորում է։

Վաշինգտոն կատարած այցի ընթացքում Իսրայելի զինված ուժերի ղեկավարը կհանդիպի նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին, ԱՄՆ զինուժի գլխավոր հրամանատարության պետ՝ գեներալ Քեննեթ Մաքենզիին և ԱՄՆ զինուժի հատուկ գործողությունների հրամանատար՝գեներալ Ռիչարդ Քլարկին։ Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին անցյալ ամիս հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բացահայտեցին Իսրայելի «խոցելի կողմերը», և հրեական պետությանը կարելի է հաղթել կործանիչ մեկ հարվածով, եթե իհարկե, հակամարտություն ծավալվի Իսրայելի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև։ Իսրայելի հարձակման դեպքում կզգետնվի Թել Ավիվը և Հայֆայը։ Այդ մասին հունվարի 27-ին նախազգուշացրել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ՝ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին: Այս հայտարարությունը հաջորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոհավիի հայտարարությանը, համաձայն որի՝ հրեական պետության ռազմական ղեկավարությունը նոր ծրագրեր էր մշակում Թեհրանի միջուկային ներուժին հակազդելու համար:

Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ դատապարտել է ծայրահեղ պահպանողական քաղաքական գործիչ Իբրահիմ Ռաիսիի ընտրությունը Իրանի նախագահի պաշտոնում և հայտարարել է, որ դա կլինի «կոշտ դահիճների վարչակարգ», որի հետ գերտերությունները չպետք է բանակցեն միջուկային նոր համաձայնագրի շուրջ: Նորընտիր վարչապետ Նաֆթալի Բենեթը ՝ «Յամինա» ազգայնական աջ կուսակցությունից, Քնեսեթում հայտարարել է , որ իր վերաբերմունքն Իրանի հանդեպ համընկնում է նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերաբերմունքի հետ: Բենեթը, սակայն, մտադիր է վճռական կերպով դիմակայել 2015թ միջուկային գործարքի հարթակ Միացյալ Նահանգների վերադարձին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն