ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «ԶԻՆԱՊԱՀ» զինծառայողների ապահովագրության ազգային և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամների համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է ZINHUB միասնական առցանց հարթակը։ Այն կհամախմբի բոլոր կառույցների ջանքերը՝ ռազմական գործողություններին մասնակցած անձանց և նրանց ընտանիքների անդամների աշխատանքի և զբաղվածության, կրթության և ուսուցման, ինչպես նաև հարակից այլ ծառայություններ ստանալու գործում։
Գործարկվող հարթակի նպատակների, իրականացվող ծրագրերի ու աշխատանքերի վերաբերյալ տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, շահագրգիռ կողմերի, հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ռուբեն Սարգսյանն իր ելույթում նշել է, որ համատեղ գաղափարի իրագործումը հնարավորություն կտա և՛ պատերազմի մասնակիցներին, և՛ նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մասնակցելու համապատասխան դասընթացների, ստանալու նոր կարողություններ ու հմտություններ և աշխատաշուկայում դառնալ մրցունակ։ Վերջինս կարևորել է նաև պետություն-մասնավոր հատվածի փոխհամագործակցության արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի ապահովումը, ինչպես նաև առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
«ԶԻՆԱՊԱՀ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանի խոսքով՝ հարթակը համընդհանուր կլինի հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, մասնավոր ընկերությունների համար, որոնք կարող են ներկայացնել իրենց ուսուցման, աշխատանքի ապահովման և ծառայությունների մատուցման ծրագրերը։ Հարթակը կհամակարգի և ավելի արդյունավետ կդարձնի տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումներն ու դասընթացները։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հավաստմամբ՝ հարթակը կնպաստի նաև մարզերի աշխատուժի զարգացմանը․ դրա միջոցով ստեղծվել է մի միջավայր, որտեղ ցանկացած երիտասարդ կարող է կրթվել, ձեռք բերել նոր մասնագիտություն և ունենալ համապատասխան աշխատանք։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են հարթակի բաժինները, որտեղ մասնակից ընկերությունները հնարավորություն կունենան տեղադրել իրենց կողմից առաջարկվող դասընթացները, առկա ծրագրերը, ինչպես նաև առաջարկել աշխատանքի հնարավորություններ։