Սովորաբար բոլոր ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական երկրներում ղեկավարներն ընտրությունից առաջ ներկայացնում են իրենց ծրագրերը, որոնք ակտիվ քննարկվում են հետազոտական հաստատությունների փորձագետները, և այդուհետ՝ ժողովուրդը, հավանության արժանացնելուց հետո, ընտրում է այդ ղեկավարին։
Հայաստանում տեղի է ունենում հակառակը՝ Փաշինյանական վարչակազմի ամեն օրը Հայաստանը կանգնեցնում է մի իրավիճակի առաջ, որտեղ միշտ կան վարագույրներ և այդ վարագույրների հետևում անձինք, ովքեր որոշակի մտահղացումներ են իրագործում։ Կարծես պետությունը մի լողացող սառցակտոր է, որը բախվում է օվկիանոսի այս կամ այն այսբերգին։ Բայց որ օրավուր երկրի անվտանգությունը սահում է և իջնում` դա փաստ է։ Սովորաբար հին իմաստունները ճշմարիտը սուտից տարբերելու համար փաստերը համեմատում են ենթադրությունների հետ։ Եթե ենթադրությունները չեն համընկնում փաստերին՝ սա արդեն սուտ իրողություն է։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում Ալիևի վարչակազմը ուղիղ փոխազդում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ինչը համաշխարհային պրակտիկայում աբսուրդ է։ Աբսուրդ է, երբ ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականության խախտման մասին անվերապահ կոչեր են հնչում հարևան պետության ղեկավարի կողմից, և պատերազմում պարտված Հայաստանը երկյուղածության միտումներ է դրսևորում ու ամբարահավաճ ագրեսորի հայտարարությունները մնում են օդում։ Ապա գրանցվում են միջադեպեր, ապա՝ կյանքի են կոչվում թշնամու մտահղացումները, ինչպես դա տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Եվ այնքան էլ վարագուրված հարց չէ, թե որ գերտերությունները գումարներ դրեցին այս նենգ խաղում։
Հիմա նենգ և միաժամանակ սպասված խաղեր են խաղում արդեն Հայաստանի սիրտ՝ Սյունիքում։ Ադրբեջանական ստորաբաժանումը գիշերով հայտնվում է հարևան երկրի խորքային գոտում․ Իշխանասարն ամենևին սահմանագիծ լինել չէր կարող։ Այսօրվա ՌԴ նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից հետաքրքիր դրվագ կարելի է առանձնացնել։ Խոսքը 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ՝ հաջորդ պայմանագիրն է։
Կալանավորի կարգավիճակում հայտնված վարչապետը ժողովրդին գուժում է հաջորդ վատ լուրը՝ Սյունիքի հայտնի դեպքերը, որոնք սկզբում իշխանությունները կոծկում էին։ Լրագրողների աղմկահարույց վարքից հետո կամաց-կամաց սկսում են այս կամ այն կերպ մեկնաբանել։ Ստացվում է, որ նաև 2021 թվականի հունվարի 11-ի պայմանագիրը կյանքի կոչելուց հետո կարելի է խոսել Հայաստան պետության, ինչպես նաև տարածաշրջանի իմիտացիոն անվտանգության մասին։ Ինչ ռումբ է դրված Հայաստանի հիմնարկեքում՝ շուտով կպարզվի։ Բայց այս դաժան մղձավանջային պատմության մեջ զավեշտականը ներքին ուժի մասնակցությունն է, որն արդյո՞ք քաղաքական նպատակներ է հետապնդում՝ ընտրությունների համատեքստում, թե պետության քանդման արժեքով հավասարարժեք է դարձնում իր և իր ընտանիքի հետագա անվտանգությունը։ Հազիվ թե իրագործելի անվտանգություն․․․