Այս տարի գարնանացան սերմացուի աջակցություն պետական միջոցների հաշվին չի լինելու, պատճառներն ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, սուբսիդավորման գործընթացի անարդյունավետությունն ու ցածր բերքատվությունն է։ Այս մասին ասել է նախարարը՝ պատասխանելով Shantnews.am-ի հարցերին, որոնք վերաբերել են այս տարվա գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքերում առաջ եկած խնդիրներին։
Իսկ ինչ վերաբերում է պարարտանյութի սուբսիդավորմանը, նախախարը նշել է, որ հաջորդ շաբաթ ենթադրվում է, որ հարցն ու մոտեցումները վերջնականապես կհստակեցվեն։
«Անցած տարվա գարնանացանի սուբսիդիայի տվյալները բավականին վատն են եղել՝ պայմանավորված հիմնականում բնակլիմայական պատճառներով ,օրինակ՝ սակավաջրություն և էս տարի էլ, ճիշտն ասած, հաշվի առնելով գլոբալ տաքացման տենդենցը, մենք գիտենք, որ չի կարելի ակնկալել ավելի լավ եղանակ ,քան անցած տարի։ Հետևաբար, գարնանացանը որոշել ենք չշարունակել սուբսիդավորել, որովհետև արդյունքում գյուղացիները չէին ստանում այն արդյունքները, որի համար մենք էդ սուբսիդավորումը անում էինք։ Մենք սուբսիդավորում էինք, գրավիչ պայմաններ ենք ստեղծում գյուղացիների համար, իրենք ցանքս են անում և չի ստացվում այն այն արդյունքը, որին սպասում էինք, հետևաբար, մենք որոշել ենք չշարունակել սուբսիդավորումը, իսկ պարարտանյութի մասով քննարկումները շարունակվում են և, ըստ երևույթին, հաջորդ շաբաթ որոշում կլինի»,-նշել է նախարարը։