Pastark.am. Կառավարության որոշմամբ Կարին Տոնոյանին Արշակունյաց պողոտայում տարածք է հատկացվել։

Կառավարության որոշմամբ Կարին Տոնոյանին Արշակունյաց պողոտայում տարածք է հատկացվել։

Այս տեղեկությունը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում հաստատեց Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։ Քննարկումն ընդգրկված է եղել փակ ընթացակարգով քննվող հարցերի մեջ։

 

Թե ինչի համար է տարածք հատկացվել, փորձեցինք ճշտել նախագծի հեղինակ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղից էլ ուղղորդեցին Պետական գույքի կառավարան կոմիտե։ Մեր գրավոր հարցմանը կոմիտեից խոստացան պատասխանել այսօր, սակայն, մինչև աշխատանքային օրվա ավարտը ոչ մի պատասխան չստացանք։

Այնուամենայնիվ, նախնական հեռախոսազրույցի ընթացքում Պետական գույքի կառավարման կոմիտեի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Միրզախանյանը ևս հաստատեց, որ տարածքն անհատույց տրվել է Կարին Տոնոյանին։

Թե ինչ նպատակով է օգտագործվելու կառավարության կողմից հատկացված տարածքը` «5165» շարժման մամուլի պատասխանատու Դավիթ Գրիգորյանը, ի պատասխան «Փաստարկ» լրատվականի հարցին, նշեց` տեղյա չէ, որ կառավարության նման որոշում կա։

Հիշեցնենք, որ Կարին Տոնոյանը վերջերս հիմնել է «5165» շարժումը և կոչ է անում Արցախյան երկրորդ պատերազմում բոլոր զոհվածների հարազատներին միանալ իրեն։ Տոնոյանը նաև դեմ էր այս իշխանության վարած քաղաքականությանը։ Նույնիսկ մի խումբ մայրերի հետ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի առաջ փակել էր Եռաբլուր տանող ճանապարհը։

Փաստորեն, երեկ մեծ աղմուկ հանած հայտարարությունն այն մասին, որ Կարին Տոնոյանին Կառավարության կողմից գաղտնի որոշմամբ Արշակունյաց պողոտայում տարածք է հատկացվել, համապատասխանում է իրականությանը։

 

Pastark.am

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն