«Հայաստանը պետք է մասնատվի. մի մասում պետք է լինեն բնական ռեսուրսները,  մյուսում՝ ոչ մի բան, բացի հայերից». Այդ անհնարին հայերը. Լոուրենս Արաբացի

Եվս մեկ ապացույց այն բանի, որ Հայաստանն իր հարցերը պետք է ինքնուրույն լուծի, առանց հույս դնելու ուրիշի` թեկուզ և ամենաբարյացակամ ու դրական վերաբերմունքի վրա։

Ոչ ոք չպետք է և իրավունք չունի  թելադրել, ղեկավարել, ուղղորդել Հայաստանի և հայության գործողություններն այս կամ այն ​​ուղղությամբ։

Հակառակ դեպքում, ժողովրդի ճակատագիրը կախված կլինի «երջանիկ դիպվածից», «բախտից», «նրանից, թե ինչպես կոպեկը կընկնի» և առանձին անհատների քմահաճույքից, որոնց թվում կարող են լինել սրիկաներ, ինչը սկզբունքորեն մեկ անգամ չէ, որ տեղի է ունեցել։

Ստորև հրապարակված հարցազրույցն արվել է անցյալ դարասկզբին, սակայն ներկայումս չի կորցրել իր արդիականությունը։

Ամերիկացի լրագրող Լինքոլն Ստեֆենսը նկարագրում է իր հարցազրույցը բրիտանական հետախուզության աշխատակից Լոուրենս Արաբացու հետ որպես ամենաարտասովորը իր ողջ լրագրողական կյանքում (Իրական անունը՝ Թոմաս Էդվարդ Լոուրենս։ Ծնվել է 16 օգոստոսի 1888 թվականին։ Բրիտանացի հնէաբան, զինվորական, լրտես և գրող):

Մարդը, ով նպաստեց Իրաքի թագավորության ստեղծմանը, մասնավոր զրույցներում մնաց նույնքան առեղծվածային, որքան նա երևում էր  իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում։ Նյութը գրվել է 1919 թվականին Փարիզում կայացած խաղաղության համաժողովի ժամանակ, առաջին անգամ հրապարակվել է «Outlook and Independent» ամսագրում 1931 թվականին և մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը:

«Այս հարցազրույցն իմն էր։ Ես դրա նախաձեռնողն էի, իմ նպատակն էր կայսրության այս ռահվիրայից ինչ-որ բան կորզել Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի գործնական քաղաքականության մասին, և ինձ թվում էր, թե ես եմ ուղղորդում զրույցի ընթացքը։

Միայն ավելի ուշ շոկի մեջ ընկնելով հասկացա, որ նա էլ հետապնդում էր իր նպատակը, և այդ նպատակն էր իմ մեջ սերմանել հայերի վրա ամերիկյան մանդատի բրիտանացիների գաղափարը:

Բայց ես հիացած էի և ամենևին էլ նվաստացած չէի զգում, երբ հայտնաբերեցի, որ հատուկ իմաստ կա այն բանում, որ մենք` ամերիկացիներս կտրել ենք աշխարհի կեսը՝ մեր վրա վերցնելով հայերի հոգսը, և ոչ միայն նրա համար, որ փրկենք հայերին թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից և ինքներս մեզնից, այլև փրկենք մեզ մեզանից և նրանցից։ Այնպիսի անհաջող-երազողի մոտ, ինչպիսին ես եմ, անհաղթահարելի ձգողականություն կա այդ ամենացածր ազգի նկատմամբ։ Հենց այդպես էլ ասացի նրան.

Բրիտանացին հստակ հասկացավ ասածս։ Ինձ թվում էր, որ նա հաճույքով կծիծաղի կամ նման մի բան. բայց նա «փքվեց» Բրիտանական կայսրության չափ և թվում էր, թե ուր որ է կպայթի: Բայց նա չպայթեց, չծիծաղեց, հումոր հիշեցնող ոչինչ չասաց։ Երկար դադարից հետո միայն նետեց. «Ճիշտ է»։

Հաջորդ դադարից հետո նա լրջորեն, նույնիսկ ձանձրալի խոսեց ամերիկյան իդեալիզմի մասին։ Նրան դա հմայիչ էր թվում, ենթադրում եմ` չափազանց հմայիչ: Մենք՝ ամերիկացիներս, չափազանց իդեալիստ ենք։ Իսկ հայերին նա համարում էր չափազանց գործնական։ Մենք լրացնում էինք միմյանց, այսպիսով մենք նրանց համար էինք դարման, նրանք` մեզ համար. երկու անհույս դեպք, հատկապես` հայերը։

Ես բացահայտեցի, որ նա ուներ աննկարագրելի կարեկցանք, կամ, եթե կարելի է այդպես ասել, որոշակի գիտելիք հայերի մասին, ինչը նրան հնարավորություն էր տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին կամ հայերի մյուս անմիջական հարևաններին, որոնք երբևէ փորձել են բնաջնջել այս որբ ցեղը:

Թվում էր, թե դա այն էր, ինչ նա անհրաժեշտ էր համարում անել հայերի հետ։ Նա բացահայտ չէր արտահայտվում։ Նրա մեթոդը կայանում էր նրանում, որ ինքը չէր արտահայտվում, բայց փորձում էր ստիպել ինձ ամեն ինչ այնպես գրել, որ հարկ եղած դեպքում կարողանա ամեն ինչ հերքել։

Այնպես որ, նա չի ասել, որ հայերին պետք է ամբողջությամբ բնաջնջել։ Նա միայն հասկացրեց, որ դա է լինելու հայկական խնդրի միակ լուծումը. և հենց դրանով էր բացատրվում նրա այն ցանկությունը, որ մենք՝ ամերիկացիներս, հոգ տանենք դրա մասին։

Նա համարում էր կամ ինձ ներշնչեց, որ  թուրքերը չպետք է ձեռնարկեն դա. նրանք չափազանց պարզունակ են և քրիստոնյա չեն։ Հույները դրանից մեծագույն հաճույք են ստանում և անարդյունավետ են՝ ոչինչ մինչև վերջ չեն հասցնում, և երբ հայերին կոտորելու նրանց հակագեղագիտական ​​հաճույքը բավարարվի, կդադարեն դա անել։

Եվ այդպես է մյուս բոլոր մրցակից ցեղերի պարագայում: Նրանք կանգ են առել՝ չբնաջնջելով բոլոր հայերին մինչև վերջինը։ Անգամ եթե նրանք միասին են գործի անցել, ապա անխուսափելիորեն թողել են մի զույգի այստեղ կամ այնտեղ՝ Ադամին ու Եվային, ովքեր, հենց որ պահը հարմարեցնում էին, բազմանում էին, բազմանում էին, բազմանում էին։

Այսպես որ Հայաստան հաջորդ անցի ժամանակ այնտեղ կարելի էր գտնել միլիոնավոր ու միլիոնավոր հայերի` ցերեկը խոնարհ, գործերով զբաղված, իսկ գիշերը թաքուն բազմանալով, կամաց-կամաց տարածվելով և տարածվելով:

Նա բացեց իմ առջև իր ողջ մալթուսական հուսահատությունն ու սարսափը հայերի հանդեպ, այնպես որ քիչ էր մնում ես ամբողջը կուլ տայի` հայերի վրա ամերիկյան մանդատի ամբողջ սխեման։ Ինձ փրկեց ամերիկյան հումորս։

«Իսկ ինչու՞ բրիտանացիներն իրենք չեն կատարում այդ խնդիրը,- հարցրեցի ես ու, կանխազգալով նրա հումորի զգացումը, ժպտացի։ Ավաղ… Նա չընկալեց ամերիկյան հումորը, այդպես եմ կարծում։ Նա սպասեց, մինչև ժպիտն անհետացավ իմ դեմքից, և լրջորեն պատասխանեց.

«Հայերի բառացի կոտորածը,- հակադարձեց նա,- սկանդալ կառաջացնի, եթե դա անեն բրիտանացիները։ Նա ասաց, որ թեև Կայսրությունը նման ցնցում ապրել է և պետք է ավելին ապրի, սակայն հիմա այն չպետք է անտեղի ցնցվի։

Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման նախատիպն է։ Մեր բոլոր հսկա խնդիրները՝ պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլներ, աղետներ և այլն, այս ամենը հետևանք է այն բանի, որ Երկիրը չի կառավարվում որպես մեկ ամբողջություն։ Բրիտանիան մի օր վերջ կտա դրան։ Բայց կայսրությունը, այնուամենայնիվ, դեռես երիտասարդ է, համեմատաբար փոքր, թույլ և ծանրաբեռնված խնդիրներով:

Մտածեք կղզիների, գաղութների, ռազմավարական կետերի, ծովերի, առևտրային ուղիների մասին. բոլորը նոր բեռ են ու պարտականություն, որոնք ընկել են կայսրության վրա` գերմանական իմպերիալիզմի փլուզման արդյունքում:

Ոչ, Կայսրությունը պետք է այս պահին ազատ լինի դրանից։ Հետագայում, երբ բրիտանական տիրապետությունը կտարածվի ջրերից մինչև ցամաք, ամբողջ ցամաք, այն ժամանակ Մեծ Բրիտանիան կկարողանա դիմակայել նման ցնցմանը, բայց դեռևս ոչ, ոչ հիմա, ոչ կայսրության այս նորածնային վիճակում։

Ավելին, ձգեց նա, բրիտանական իմպերիալիզմն այս վիճակում ավելի շատ հետաքրքրված է բնական ռեսուրսներով, քան թե մարդկային: Անգլիացիները գործնական ժողովուրդ են, ոչ թե իդեալիստ։ Նրանք գիտակցում են, որ համաշխարհային կառավարումը պետք է հիմնված լինի ոչ թե «ձեր» Ազգերի լիգայի վրա, այսինքն՝ գաղափարների ու իդեալների, այլ իրական բաների վրա՝ նավթի, օդի, ծովի։

«Բայց,- առարկեցի ես,- Հայաստանում կան պարարտ հողեր և հարուստ հանքավայրեր»: Նա պահպանում էր հանգստություն և այնքան երկար լուռ մնաց, որ ես մտածեցի, որ նրան փակուղի եմ մտցրել, որ նա չգիտի Հայաստանի հարստության մասին։

Այստեղ նա նորից «փքվեց»` կանգնելով պատառոտվելու վտանգի առաջ։Նա միայն երկարացրեց պաուզան, հետո հիշեցրեց, որ Հայաստանը պետք է մասնատվի։ Մի մասում պետք է լինեն բնական ռեսուրսները,  մյուսում՝ ոչ մի բան, բացի հայերից։

Հայերի նկատմամբ մանդատը պետք է տրվի Ամերիկային, ոչ թե Բրիտանիային, ում նույնքան հզոր գործընկերը պետք է ստանա Հայաստանը։

«Բայց,- առարկեցի ես,- ի՞նչ օգուտ երկրի բնական ռեսուրսներից, եթե մարդիկ չզարգացնեն դրանք»: Նա հոգնած էր, ջղայնացած, բայց մնաց քաղաքավարի։ Ես շարունակեցի, որ դրանք պետք է միասին զարգանան, ինչպես սովորաբար լինում է։

Ուրիշ ճանապարհ չկա։ Ես նկարագրեցի թուրքերի կամ ֆրանսիացի բանկիրների անզորությունը, ովքեր փորձում էին առանց հայերի հարստանալ Հայաստանում։ Եվ ինձ թվում էր, որ իմ պերճախոսությունը նույնիսկ շատ հաջողակ էր։

«Եթե մենք՝ ամերիկացիներս, տիրանանք հայերին,- ասացի ես,- մենք դա կանենք իրենց իսկ շահի համար: Մենք պետք է կառավարենք նրանց այնքան ժամանակ, մինչև նրանք կարողանան կառավարել իրենք իրենց»: «Այո, այո, մենք դա հասկանում ենք»,- ասաց նա։ Բայց ես զգում էի, որ դա այդպես չէ և շարունակում էի պտտել իմ սիլլոգիզմը (դեդուկտիվ հիմնավորում` խմբ.)։

«Դե, լավ,- նրբանկատ ասացի ես,- Դուք պետք է համաձայնվեք, որ ինքնակառավարման ճանապարհին մենք ստիպված ենք լինելու ստիպել հայերին աշխատել: Եվ քանի որ անհնար է մարդկանց աշխատեցնել առանց աշխատանքի առարկայի, մեզ պետք կգան Հայաստանի հանքերն ու հողերը՝ ոչ թե նրանց հարստությունը շահագործելու համար, այլ որպես ուսումնական գործիք` նրանց արտադրության, խնայողության և բոլոր քրիստոնեական առաքինությունները սովորեցնելու համար, որպեսզի նրանց դարձնենք լավ մարդ ու քաղաքացի»։

Նա հուսահատ տեսք ուներ։ Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, քանի դեռ նա չբացատրեց: «Հայերը խնայողության պակաս չունեն,- չոր ասաց նա,- և իհարկե գիտեք, որ նրանք քրիստոնյա են, հին քրիստոնյա»: Իհարկե ես դա գիտեի, միայն իմ խանդավառության մեջ ես մոռացել էի դրա մասին։

«Բայց,- ասացի ես,- հայերը պետք է աշխատեն: Դրանում է հաջողության գաղտնիքը՝ լինի մարդու, թե ազգի համար, աշխատանքի, տքնաջան աշխատանքի մեջ։ Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը, որ աշխատեն նրա վրա»։ «Հայերը չեն աշխատելու»,- ասաց նա։ «Դա է ձեր ծրագրի խնդիրը, և հայերի դժբախտությունը»։

Եվ սա բոլոր հնագույն ցեղերի դժբախտությունն է՝ երբեմնի քաղաքակիրթ, խաղի կանոններն ուսումնասիրած ցեղերի դժբախտությունն է, որոնք ժամանակին տիրանալով աշխարհին ու կառավարելով այն՝ կորցրեցին իշխանությունը և դեգրադացվեցին։ Նրանք առաջ են շարժվել տրամաբանությամբ, հոգեբանությամբ և ֆիզիոլոգիայով։

Նրանք քրտնաջան աշխատելու կարիք չունեն։ Դրանով նրանք տարբերվում են նորածին, իսկապես հետամնաց ազգերից, որոնց հետ դուք՝ ամերիկացիներդ, ստիպված եք գործ ունենալ: Պարզունակ ժողովուրդներն ուղղակի ծույլ են։ Եթե ​​կուզեք, նրանց կարելի է ստիպել աշխատել, շահագործել։

Բայց կարկառուն ժողովուրդները, նախկին քաղաքակիրթ ազգերը ծույլ չեն։ Նրանք չափազանց ինտելեկտուալ են, որպեսզի աշխատեն ուրիշների համար։ Նրանք շահագործում են իրենք իրենց՝ անհույս, բնազդաբար, ի ծնե։

Նրանք իմաստուն են, ինչպես միայն հին ցեղերը կարող են իմաստուն լինել: Աչքերը բացելու պահից նրանք տեսնում են ստեղծագործ աշխատանքի անհեթեթությունը։ Նրանց համար արժեքավոր գործ է սպասել, մինչև նյութական բարիքները կստեղծվեն, հետո ինչ-որ կերպ ստանալ դրանք արտադրողներից։

Եվ նրանք գիտեն, թե ինչպես դա անել, ինչպես կենդանին, որը բնազդաբար գիտի իր անելիքը: Այսպես նրանք զբաղվում են բժշկությամբ, իրավաբանությամբ, ցանկացած մասնագիտությամբ, որում, ինչպես և բիզնեսում, ստանում են իրենց բաժին նյութական հարստությունը կատարյալ, պատրաստի ձևից, երբ հասարակ մարդիկ դրանք արտադրում են։

Նա կանգ առավ՝ նայելով ինձ, և տեսնելով, որ ես իրեն չեմ նայում, լցրեց իր քարոզչության ևս մի բաժին։ «Հայերը,- ասաց նա,- աշխարհի ամենախելացի, կատարյալ ընտրված, ամենաբարձր զարգացած ռասսան են՝ քաղաքակրթության տեսանկյունից»: «Իսկ հրեանե՞րը»,- մռայլվեցի ես։

«Հրեանե՞րը,- կրկնեց նա — Հրեաներն ամենասովորական օրինակն են հինավուրց, ճարպիկ, ինտելեկտուալ ժողովրդի, և իսկապես նրանք շահագործողի բնազդ ունեն: Վաշխառությամբ են աչքի ընկնում։ Բայց նրանք կաշխատեն։ Նրանք չեն սիրում աշխատել, բայց նրանց կարելի է ստիպել: Նրանք ստեղծագործ, հնարամիտ ու սենտիմենտալ մարդիկ են։

Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ։ Նրանք կատարյալ չեն։ Դրանք քաղաքակրթության անավարտ արդյունք են, կիսաֆաբրիկատ։ Ես հասկանում եմ, թե ինչու են նրանցից վախենում և ատում. նրանք ունեն որպես հնագույն ցեղ սեփական գերազանցության զգացում: Բայց նշել հրեաներին հին ժողովուրդների այն շարքում, որի մասին ես խոսում եմ, աբսուրդ է։

Իմ հին ցեղերը քշել են ձեր հրեաներին իրենց երկրից: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք բարգավաճում են Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում և Գերմանիայում և, իհարկե, ԱՄՆ-ում։ Բայց չինացիները, օրինակ, կլանել են հրեաներին, ինչպես կետն է մանր ձկներին կուլ տալիս, նույն կերպ` արաբները, թուրքերը, հույները… իսկ ինչ վերաբերվում է հայերին…»:

«Հրեաները,- ասաց նա՝ շունչ քաշելով,- հրեաներն իրենք են վերաբերվում հայերին այնպես, ինչպես հակասեմական եվրոպացիները վերաբերվում են հրեաներին։ Ճիշտ նույն կերպ՝ հույները, թուրքերը,  բոլոր մյուս ռասսաները, որոնք երբևէ գործ են ունեցել հայերի հետ: Նրանք զգում են, որ հայերը կստիպեն բոլորին աշխատել իրենց համար։ Եվ դա հենց այդպես էլ կա։ Հայերը հրեաների և մնացած բոլոր ռասաների խառնուրդ են պարունակում։ Բացի այդ` նրանք քրիստոնյա են!!!»։

Հարցազրուցից ընդամենը մեկ տարի անց` 1920 թվականի նոյեմբերի 22-ին, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց «Վիլսոնի իրավարար վճիռը»` Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ, որն էլ փաստացի Հայաստանի նկատմամբ ԱՄՆ մանդատի իրացման փորձ էր։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն