«Թուրքիան անձամբ Փաշինյանից ակնկալում է ապրիլի 24-ին հրաժարվել հայկական պահանջատիրությունից, ներել թուրքերին և վերջնականապես փակել Հայկական հարցը». Արթուր Ղազինյան

«Արդյո՞ք Փաշինյանը մտադիր է փակել Հայկական Հարցը»: Հռետորական բնույթի այս հարցադրումն իր ֆեյսբուքյան էջում բարձրացնում է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ բերելով նաև հնչեցված հարցի հիմնավորումները: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հունիսի 20-ին Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի քաղաքական որոշումը ոչ միանշանակ ընդունվեց Հայաստանի քաղաքական շրջանակների կողմից։ Մի մասն անմիջապես հայտարարեց այդ ընտրություններին մասնակցելու մասին, իսկ մյուս մասն, առայժմ, չի հայտնում իր դիրքորոշումը` խորը անվստահություն ունենալով Փաշինյանի անձի և նրա իշխանության նկատմամբ։ Թուրքիան, սակայն, շտապեց ողջունել Փաշինյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին քաղաքական որոշումը։

Սակայն կա շատ ավելի կարևոր հարց՝ ինչու՞ ընտրվեց հունիսի 20-ը, ի՞նչ քաղաքական հաշվարկ ունի Փաշինյանը և ի՞նչ գործողություններ ունի անելու մինչև իր հրաժարականը։

Այստեղ թաքնված է Հայկական շահի դեմ ամենամեծ վտանգը, նույնիսկ, կարելի է ասել՝ դավադրությունը։ Փաշինյանը և իր թիմակիցները բազմիցս հայտարարել են «արժանապատիվ» պարտվելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իրենց երազանքի մասին, մինչդեռ, մինչ այս պահը այդ հարաբերությունները կարգավորված չեն։

Թուրքիայի նկատմամբ Փաշինյանի և իր թիմի առանձնահատուկ սերն այլևս գաղտնիք չէ ոչ մեկի համար, սակայն շատերին դեռ պարզ չէ, թե ինչո՞ւ մինչ այժմ Թուրքիան չի բացել Հայաստանի հետ սահմանը, ինչո՞ւ չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ։ Ինչո՞ւ թուրքական և ադրբեջանական փողերը չեն հոսել Հայաստան` ջերմացնելու Հայաստանի «հպարտ» քաղաքացիների հոգիները։ Հատկապես, որ հարաբերությունների այս կարգավորման համար հիմնական խնդիր հանդիսացող Արցախի հարցը Փաշինյանն արդեն լուծել է՝ նվիրելով այն Ադրբեջանին, իսկ Հայաստանում իշխանության ղեկին են իրենց գաղափարական հոգեզավակները՝ երիտհայերը, որոնք հետևողական իրագործում են իրենց նախահայրերի` երիտթուրքերի կիսատ թողած գործը։

Փաշինյանին ընտրությունների նախօրեին օդ ու ջրի պես իր խաղաղասիրության դոկտրինը հիմնավորող որևէ արդյունք է պետք՝ շոշափելի մի ձեռքբերում, որը կարելի է «խաղաղության», իսկ իրականում՝ թրքասիրության ու քիրվայության գեղեցիկ փաթեթավորմամբ վաճառել Հայաստանի «հպարտ» քաղաքացիներին։

Պատասխանը մեկն է՝ Թուրքիան Հայաստանի իշխանությունից և անձամբ Փաշինյանից ակնկալում է ապրիլի 24-ին հրաժարվել հայկական պահանջատիրությունից, ներել թուրքերին և վերջնականապես փակել Հայկական հարցը, որից հետո միայն Թուրքիան կբացի Հայաստանի հետ իր սահմանը, իսկ Փաշինյանը կկարողանա ընտրությունների ընթացքում սա ներկայացնել որպես մեծ նվաճում և երկարատև «խաղաղության» ու «բարգավաճման» պատմական հնարավորություն»,- գրում է Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Թողնել մեկնաբանություն