Ջերմուկի զորամասից ձնաբքի տակ մնացած զինծառայողներից մեկը մահացել է: Զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Այս մասին հայտնում են «Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները, հավելելով, որ արցախյան վերջին պատերազմից հետո GPS սահմանազատման արդյունքում ՀՀ-ից ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են անցել Վայոց Ձորի մարզում գտնվող որոշ տարածքներ նույնպես, ինչի հետևանքով, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են Ջերմուկին հարակից բարձրունքի վրա՝ բարենպաստ և բարձրադիր հատվածներում տեղակայելով նոր հենակետերը: Վերջին վերադասավորումների արդյունքում, փաստորեն, Ջերմուկ քաղաքն ամբողջովին հայտնվել է թշնամու դիտակետի թիրախում։
Տեղեկացնենք, որ ձնաբքի արդյունքում մահացած և ծանր վիրավորում ստացած զինծառայողի վերաբերյալ տեղեկություն ստանալու ակնկալիքով, քիչ առաջ «Փաստարկ» լրատվականը կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ, որտեղից տեղեկացրեցին, թե խնդրի առնչությամբ գերատեսչությունն արդեն իսկ պաշտոնական գրառում է տարածել. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը պայմանագրային զինծառայողներ Կ. Շահնազարյանի և Ա.Հովհաննիսյանի հետ։ Նույն օրը մեկնարկել էին լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց խանգարում էր չդադարող բուքը։ Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ»,- ասվում է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես տեսնում ենք, Պաշատպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ մահացած և ծայրահեղ ծանր վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում: Գերատեսչությունից հրաժարվեցին պատասխանել նաև լրատվամիջոցի հարցին՝ ինչո՞ւ օրեր շարունակ Ջերմուկ քաղաքում տեղակայված վերոհիշյալ հենակետում զինծառայողների հերթափոխը ժամանակին և պատշաճ կերպով չի կազմակերպվել, ինչի արդյունքում ողբերգական հետևանքներ են արձանագրվել:
Հիշեցնենք, որ նախօրեին ձնաբքի մեջ հայտնված զինծառայողները 6 օր շարունակ հերթափոխի են սպասել, սակայն նրանց փոխարինողներ այդպես էլ չեն ուղարկվել: Վերջիններս որոշել են գնալ մոտակա դիրք՝ ծխախոտ և ջուր բերելու, սակայն հայտնվել են ձնաբքի մեջ:
«Փաստարկ» լրատվականին հասած տեղեկությունների համաձայն, վերոհիշյալ մարտական դիրքը ապահովված է եղել սննդով, սակայն էլեկտրոէներգիայի աղբյուր այն տեղ չի եղել: Հենակետը թշնամու դիրքերից 100 մետր է հեռավորության վրա է: