Կայացել է «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն հուլիսի 15-ին կազմակերպել էին «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցություն։ Հանդիպման նպատակն էր մասնակցային և համակողմանի քննարկման եղանակով վերհանել ՀՀ կրթության ոլորտի առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար՝ Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերների և դեսպանությունների, պետական և համայնքային գերատեսչությունների, երիտասարդական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, անկախ փորձագետներ:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը ևս անմասն չէ կրթության փոխակերպման հարցադրումների շուրջ գլոբալ երկխոսության գործընթացից: Նրա խոսքով՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթաժողովին ընդառաջ կազմակերպվող նմանատիպ խորհրդակցությունները կնպաստեն մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացին, ինչպես նաև կհստակեցնեն կրթության փոխակերպման առումով Հայաստանի հանձնառությունների շրջանակը:

«Պետությունը վճռական է՝ մասնակցային ժողովրդավարության ողջ գործիքակազմով շարունակելու ակտիվ երկխոսությունը հիմնական շահագրգիչ կողմերի, այդ թվում՝ երիտասարդության հետ: ՀՀ կառավարությունը կրթության ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և ներկայում ընթանում են արմատական բարեփոխումներ կրթության բոլոր մակարդակներում. Կատարվում են օրենսդրական լուրջ փոփոխություններ, իրականացվում լայնածավալ ներդրումային և զարգացման ծրագրեր՝ նպատակն ունենալով մեծացնել կրթության ներառականությունը, մատչելիությունն ու որակը: Մի բան ակնհայտ է՝ կրթության զարգացումը պահանջում է մեր բոլորի ակտիվ ներգրավվածությունը և համագործակցությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Այդ առումով այս միջոցառումն անչափ կարևոր նշանակություն ունի»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր կազմակերպիչներին:

«Անասելի կարևոր է Հայաստանի հանձնառությունն ու առաջնորդությունը՝ իրականացնելու ազգային խորհրդակցություն՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին մասնակցությանը: Այս համատեքստում կրթական համակարգերի փոխակերպումը առավել ընդգրկուն առաջընթացի բանալին է` միտված Օրակարգ 2030-ի և Կայուն զարգացման նպատակների միջոցով ավելի լավ ապագա ունենալուն»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:

«Աշխարհը կրթական ճգնաժամի մեջ է, որն արդեն առկա էր մինչև Քովիդը, իսկ համավարակի հետևանքով է՛լ ավելի խորացավ: Այն առավել բացասաբար է ազդում ամենախոցելի երեխաների վրա՝ նպաստելով միջսերնդային աղքատությանն ու անհավասարություններին: Այդ իսկ պատճառով մենք պետք է արագ գործենք, որպեսզի յուրաքանչյուր երեխա վերադառնա դպրոց, որպեսզի նրանց ուսման և բարեկեցության վիճակը գնահատելու համակարգեր ունենանք, ինչպես նաև օգնենք, որպեսզի բաց թողածը լրացնեն»,- իր հերթին փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին և հավելել. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ միասին ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է ազգային խորհրդակցությունների շարքը՝ երիտասարդների մասնակցությամբ: Երիտասարդներն իրենց կարծիքը արտահայտելու իրավունք ունեն, և նրանց կարծիքը կարևոր է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» նախագծի հիմնական խնդիրներն ու նպատակները: Նա ընդգծել է, որ կրթության փոխակերպմանն ուղղված միջազգային դիսկուրսում առաջարդվող հարցադրումներից շատերն արդեն իսկ տեղ են գտել Կրթության ռազմավարության նախագծում և այլ փաստաթղթերում: Այդ համատեքստում փոխնախարարն ընդգծել է կրթության ֆինանսավորման աճը, կրթության թվայնացումը, գիտելիքին զուգահեռ հմտությունների կարևորումը, աշխատաշուկայի հետ կապը, ինչպես նաև կրթական ծառայությունների հասանելիության ապահովումը:

«Այս միջոցառումը կարևոր է երկու առումով՝ առաջինը Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթաժողովին ՀՀ հանձնառությունների ձևակերպման տեսանկյունից,  երկրորդը՝ որպես հերթական հարթակ՝ մասնակցային և ժողովրդավարական գործընթացներին համահունչ սնուցելու կրթության ոլորտում պետական քաղաքականության մշակումը»- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում պետք է հաստատի նաև Կրթության ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը, որի հանրային քննարկմանը կհրավիրվեն նաև այսօրվա հանդիպման մասնակիցները: Փոխնախարարը միաժամանակ կոչ է արել մինչ այդ հանդես գալ համապատասխան առաջարկություններով:

«Վերափոխելով կրթությունը» ազգային խորհրդակցության թիմի ղեկավար Միքայել Հովհաննիսյանն իր հերթին ներկայացրել է հանդիպմանը օրակարգը և նպատակները: Խորհրդակցության մասնակիցները ներգրավվել են աշխատանքային տարբեր խմբերում, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է հարցերի իր շրջանակը՝ պայմանավորված հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ ներառական, արդար, անվտանգ և առողջ դպրոցներ, ուսուցիչներ, ուսումնառություն, կյանքի, աշխատանքի և կայուն զարգացման հմտություններ, թվային ուսումնառություն և փոխակերպում, կրթության ֆինանսավորում:

Խորհրդակցության արդյունքները կօգտագործվեն 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ժամանակ նախատեսվող Կրթության փոխակերպման գագաթաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական նյութերում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից կրթական քաղաքականության մշակման ընթացքում:

Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցել է Կրթության փոխակերպման գագաթաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն