Այսօր ՝ հուլիսի 17-ին, Գերմանիայի և Հոնդուրասի ֆուտբոլի օլիմպիական հավաքականները հանդիպեցին ընկերական խաղում: Հանդիպումը տևեց 85 րոպե և ավարտվեց ոչ-ոքի ՝ 1 : 1: Խաղի ավարտից 5 րոպե առաջ Գերմանիայի հավաքականը լքեց խաղադաշտը:
Գերմանական երիտասարդական թիմերի մամուլի ծառայության Twitter-յան էջի փոխանցմամբ ՝ ֆուտբոլիստների հեռանալու պատճառը Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորդան Տորունարիգայի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքն է եղել: Վիրավորանքը հնչեցրել է Հոնդուրասի մի ֆուտբոլիստ։
Տոկիոյի Օլիմպիական խաղերում Գերմանիան D խմբում կխաղա Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականների հետ: Հոնդուրասը B խմբում կխաղա Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի և Ռումինիայի ընտրանիների հետ: Ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը մեկնարկում է հուլիսի 22-ին։