Աֆղանստանի իշխանությունները տեղեկացնում են Կանդահարում հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանության մասին

Անհայտ ծագում ունեցող գրոհայինները Կանդահարի նահանգի Սփին Բոլդակ շրջանում սպանել են ավելի քան 100 խաղաղ բնակիչների։ Այդ մասին տեղեկացնում է Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը։

Խաղաղ բնակիչների սպանության հարցում աֆղանական կառավարությունը մեղադրել է «Թալիբան» շարժմանը։ Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Միրվայս Սթանեքզայի խոսքով՝ թալիբներն այդ գործողություններին գնացել են իրենց պակիստանցի տերերի հրամանով, ովքեր դրանով փորձում են քողարկել պրոքսի-պատերազմը և ներկայացնում են այն որպես ազգամիջյան հակամարտություն: Հիշեցնենք, որ պրոքսի-պատերազմներում առկա են երեք գործող կողմեր, որոնցից մեկը քողարկված և կրավորական կերպով աջակցում է հակամարտող կողմերից մեկին։ Աֆղանստանի պարագայում պակիստանցիները քողարկված աջակցում են թալիբներին։

«Իրենց փենջաբյան տերերի (Փենջաբը Պակիստանի հյուսիսարևելյան նահանգ է) հրամանով դաժան ահաբեկիչները հարձակվել են Սփին Բոլդակի տարածքում գտնվող խաղաղ աֆղանացիների տների վրա, կողոպտել են նրանց և խոշտանգել տեղի 100-ավոր անմեղ բնակիչների: Սրանով նրանք ցույց են տվել իրենց իրական դեմքը»,- ասել է Միրվայս Սթանեքզայը:

Միևնույն ժամանակ՝ աֆղանական Tolo News լրատվական կայքէջը տեղեկացնում է, որ անհայտ զինյալները սպանել են Քանդահար նահանգի խորհրդի անդամ Ֆիդ Մոհամմադ Աֆղանիի (Սփին Բոլդակից) երկու որդիներին՝ առևանգելով նրանց տներից մահմեդական տոնի՝ Կուրբան Բայրամի նախօրեին:

Ինքը՝ Աֆղանին հայտարարել է, որ իր որդիները ռազմական ոչ մի խմբավորման հետ կապ չեն ունեցել։ Նա հավելել է, որ գրոհայիններն իրենց հետ տարել են ևս 380 մարդու, ում մարմինները Սփին Բոլդակի բնակիչները շարունակում են փնտրել:

«Թալիբները թալանում են քաղաքացիական անձանց տները և կառավարական հաստատությունները, ավերում են տեղի ենթակառույցները և սպանում են խաղաղ բնակիչներին»,- հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ռոհուլլահ Ահմադզայը։

Իրադարձություններին արձագանքել են Աֆղանստանի խորհրդարանականները։

— Տեղի բնակիչները, ովքեր ակամայից հայտնվել են մարտական գոտում` չպետք է տուժեն: Խաղաղ ընտանիքներին վնասելը խարան է ՝ թալիբների ճակատին դրոշմված»,- ասել է պատգամավոր Գյուլ Ահմադ Քամին:

Իր հերթին՝ թալիբները հայտարարել են, որ իրենք չեն մասնակցել խաղաղ բնակիչների սպանություններին։«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիխուլլահ Մոջահեդը պաշտոնապես հերքել է շարժման դեմ ուղղված բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ շարժումն այդ իրադարձությունների հետ որևիցե կապ չունի։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Պակիստանին սահմանակից Կանդահար նահանգի Սփին Բոլդակ շրջանը ՝ այն վերցնելով իրենց լիակատար վերահսկողության տակ՝ ներառյալ հարևան երկրի հետ սահմանային անցումը:

Սփին Բոլդակի շրջանը ներկայումս գտնվում է թալիբների հսկողության տակ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն