ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Կենտրոնական Ասիայում ցանկացած ծրագրից. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 16-ին Ժնևում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ նրան ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Կենտրոնական Ասիայի հետ կապված ցանկացած ծրագրից։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Ռուսաստանի այս դիրքորոշումը դժվարացնում է ԱՄՆ-ի զինուժի տեղակայումը Աֆղանստանին սահմանակից երկրներում:

Նշվում է, որ Ռուսաստանն այլևս չի ցանկանում ամերիկացիների հետ միասին կարգուկանոն ապահովել Կենտրոնական Ասիայում, ինչպես դա եղել է 10 տարի առաջ: Այժմ Մոսկվայի քաղաքականության վեկտորը բոլորովին այլ է․ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է սահմանել սեփական կանոնները: «Ռուսները շահագրգռված չեն, որ Միացյալ Նահանգները վերադառնա այնտեղ»,- ասել է Եվրասիայի գծով պետքարտուղարության նախկին փորձագետ Փոլ Գոբլը:

Այժմ ամերիկացիները ստիպված կլինեն ապավինել Քաթարում և Պարսից ծոցի այլ երկրներում իրենց օդային բազաներին, ինչպես նաև Հնդկական օվկիանոսում` ավիակիրներին, եթե ցանկանան թռչել Աֆղանստան: Այնուամենայնիվ, դրանք շատ մեծ հեռավորություններ են, ինչը անօդաչու թռչող սարքերի օգտագործումը դարձնում է անարդյունավետ:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն