ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր մակարդակի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում կատարելով Ipsos-ի հետ համատեղ անցկացված հարցմանը։
Մեկ շաբաթվա ընթացքում ամերիկացիների վստահությունն իրենց առաջնորդի նկատմամբ նվազել է 3 տոկոսով՝ հասնելով 40 տոկոսի։ Այժմ Բայդենի վարկանիշը համեմատելի է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ՝ իր պաշտոնավարման նույն ժամանակահատվածում ունեցած վարկանիշի հետ։
Գործակալությունը նշում է, որ նման ցածր ցուցանիշը հստակ նախազգուշացում է Դեմոկրատական կուսակցության համար, որը ձգտում է պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի նկատմամբ նոյեմբերի 8-ի ընտրություններում։
Մարտի 4-ին Թրամփը հայտարարել էր, որ Բայդենի գործողությունների պատճառով երկրում քաղաքական և տնտեսական վիճակը վատթարանում է։ Նախկին նախագահի խոսքով՝ երկրում հարկերը բարձրացնելու Բայդենի որոշումը հավասարազոր է ամերիկյան տնտեսությունը սպանելուն։ Նա ընդգծել է, որ երկրի ղեկավարի գործունեությունը չի կարելի դրական գնահատել։ «Ինչպե՞ս ես վարվում երկրի հետ։ Երկիրը դեպի դժոխք է գնում»,- ասել է քաղաքական գործիչը։