Դիզայնը պիտի փոխվի, լավ չի ստացվել, մի մեծ բան չէ` մի քանի միլիոն դրամ

Ոստիկանության պարեկային նոր ծառայությունն աշխատանքի դուրս եկավ հուլիսի 7-ից։ Նույն օրը դադարեցվեց ճանապարհային ոստիկանության աշխատանքը։ Միասնական պարեկային ծառայություն ստեղծելու մասին հայտարարվեց մայիս ամսին։ Հասարակությունը ոգևորությամբ ընդունեց նոր գաղափարը՝ թեև մասնագետները որոշ ռիսկեր էին տեսնում։ Սակայն, պարեկային նոր ծառայությունը քննադատության արժանացավ ծառայության հենց առաջին օրը։ Պատճառը նոր մեքենաների և համազգեստների դիզայնն էր, որի վրայի գրություններում նախապատվությունը տրված էր օտար լեզվին։ Ոստիկանների համազգեստի և մեքենաների վրա շատ ավելի խոշոր տառերով գրված է «POLICE» եւ «PATROL», քան հայերեն «ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»-ը։ Սա հակասում է Սահմանադրության 20-րդ հոդվածին (որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է) և «Լեզվի մասին» օրենքին։
Խնդրի մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեն՝ նշելով, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ՝ խնդրին առնչվող հանգամանքները պարզելու և օրենքով նախատեսված ընթացակարգն ապահովելու համար։ Կոմիտեն գրություն է ուղարկել ոստիկանություն, որտեղից էլ փոխանցել են` կվերանայեն։ Ոստիկանությունը սկսել է գործընթաց, որով նախատեսվում է նաև Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթի համապատասխանեցում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Ոստիկանության լրատվական վարչությունը հաստատում է, որ նման գործընթաց սկսվել է։
Ոստիկանությունը մինչ համազգեստի և մեքենաների դիզայնն ընտրելը չի քննարկել այն Լեզվի կոմիտեի հետ (թեև նման պարտավորություն չուներ), հավանաբար այն չի քննարկվել նաեւ ոստիկանության իրավաբանական բաժնում՝ այլապես իրավաբան մասնագետները կհուշեին լեզվի մասին օրենքի և Սահմանադրության 20-րդ հոդվածի առկայության մասին։ Դիզայնն ընտրվել է մրցութային կարգով և պահանջներում չի նշվել հայատառին նախապատվություն տալու կարևորությունը։ Ստացվում է` ոստիկանության համապատասխան վարչությունը միանձնյա որոշում է կայացրել, հիմա հասկացել է, որ սխալ է և որոշել է փոխել։ Հիմնական պատճառը հասարակության բացասկան կարծիքն է։ Այդ դեպքում գուցե նախապես հանրային քննարկման ներկայացվեր։

Այս «սխալի» համար հարկատուն մի քանի միլիոն դրամ ավելի գումար կվճարի։ Սիրելի՛ 600 000 գրանցված աշխատակիցներ, վճարեք նաև այս անմեղ սխալի համար, իսկ սահմանապահ զինվորներն իրենց ծառայությունը կշարունակեն պոլիէթիլենային վրաններում։ Պիտի հասկանաք ու համակերպվեք` դիզայնը պիտի փոխվի, լավ չի ստացվել, ” մի մեծ բան չէ”:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն