«Դոնբասում արցախյան վերջին սցենարը չի կրկնվի, Դոնբասում և Մոսկվայում նիկոլփաշինյաններ չկան».Դավիթ Ջամալյան

Վերջին օրերին Դոնբասում ռազմական ճգնաժամն ավելի ու ավելի սուր դրսևորումներ է ստանում։ Չհայտարարված պատերազմի պայմաններում, միայն վերջին երկու շաբաթների ընթացքում, ըստ Ուկրանիայի ՊՆ-ի կողմից հաղորդած տվյալների՝ 11 զիծառայող է զոհվել։ Միևնույն ժամանակ՝ Դոնեցկի ղեկավարն ահազանգում է Դոնբասում իրավիճակը պայթունավտանգ է։

Միջազգային ռազմական փորձագետները նկատում են՝ արևմտյան որոշ ուժերի աջակցությամբ, Ուկրաինան ռազմական ագրեսիա է բանեցնում Դոնբասի նկատմամբ, որի հետևում նկատելի են Թուրքիայի ականջները։

Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ Թուրքիայից բոլորովին վերջերս Ուկրաինային է տրամադրվել 1000-ից ավել ԱՍԹ, գերժամանակակից այլ զինտեխնիկա ու ահաբեկիչների մեծ խմբաքանակ, ապա պատկերն ավելի քան հստակ է դառնում՝ Դոնբասում լայնամասշտաբ պատերազմ է սպասում։ Ինչպես նկատել են եվրոպական փորձագիտական շրջանակները՝ Թուրքիան ցանկանում է Դոնբասի հետ անել այն, ինչ արեց Արցախում։

Թեմայի վերաբերյալ «Փաստարկ» լրատվականը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ.

Պարոն Ջամալյան, ինչպե՞ս կարելի է մեկնաբանել վերջին օրերին Դոնբասի շուրջ ստեղծված ռազմական ագրեսիան, որն օր օրի ավելի ու ավելի մտահոգիչ պատկեր է գրանցում։

-Պետք է փաստենք, որ Ռուսաստանի Դաշնության սահմաններին անդադար լարվածություն ստեղծելու ռազմավարական ուղղություններից մեկն էլ Դոնբասն է, որն իրականում ռուսական քաղաքակրթական տարածքներից է։ Խորհրդային տարիներին սխալ ազգային քաղաքականության հետևանքով այն ուկրաինական սահմաններում էր հայտնվել, որտեղ հայտնի իրադարձություններից հետո, տեղի ռուս բնակչությունն իր ինքնորոշման իրավունքն է իրացրել՝ այն պարզ պատճառով, որ գոյություն ուներ էթնիկ զտման լուրջ վտանգ։ Հստակ է, որ հիմա Ռուսաստանի Դաշնության սահմաններին ևս մեկ անկայունության օջախ ստեղծելով, այդ պետության աշխարհաքաղաքական մրցակիցները փորձում են հնարավորինս ջլատել Ռուսատանի ներուժն ու կասեցնել` մեզ դաշնակից այդ երկրի զարգացումը։ Պարզ է՝ եթե երկիրը ներքաշված է իր սահմանների մոտ առկա կոնֆլիկտներում, ապա զուգահեռաբար արագ տեմպերով զարգանալը դժվար է։

-Ի՞նչ վարքագիծ կորդեգրի Ռուսաստանի Դաշնությունն այսպիսի իրավիճակում։

-Ռուսատանի Դաշնությունը նահանջելու տեղ, ուղղակի, չունի։ Տվյալ դեպքում վտանգը սպառնում է իր կենսական շահերին։ Խոսքն իր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև՝ իր պատմական քաղաքակրթական տարածքի մի մասի կորստի մասին է։ Արդուհանդերձ ՝ վստահ եմ, որ ռուսական պետության ներուժը միանգամայն բավարար է` պաշտպանելու համար Դոնբասը։ Այստեղ Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցները որևէ հաջողության չեն հասնեն։ Առնվազն, Դոնբասի ինքնորոշված հատվածն ուկրաինահպատակ չի դառնա։

-Այնուամենայնիվ, կգնա՞ ուկրաինական կողմը ռազմական գործողությունների սրման ուղղությամբ։

-Լայնամասշտաբ հարձակում Դոնբասի վրա ըստ էության նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա։ Իսկ Ռուսատանում ու Դոնբասում իշխանության են ոչ թե նիկոլփաշինյանները, այլ սեփական պետության շահը գիտակցող պետականակենտրոն հայրենասերներ։ Միաժամանակ, ուկրաինական բանակի մարտունակությունը բավարար չէ Ռուսաստանի Դաշնությանը հաղթելու համար։ Հետևաբար, Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցներին տուրք տալով` Դոնբասի դեմ ռազմական գործողություններ վերսկսելը մեծ արկածախնդրություն է, որի հետևանքները շատ ծանր կարող են լինել Կիևի համար։

-Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ուկրաինական կողմին անթաքույց կերպով աջակցում է Թուրքիան, ընդ որում՝ ռազմական գերժամանակակից տեխնիկայով, ինչպես նաև՝ վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, ապա պատկերը մտահոգիչ չի՞ դառնում։ Չմոռանանք նաև, որ Թուրքիան, հավանաբար, աչքի տակ կունենա արցախյան վերջին հաղթանակը, որն, անշուշտ, որոշակի դեր կունենա Դոնբասում հաղթնակ տոնելու թուրք- ուկրաինական նկրտումների պարագայում։

— Անկասկած, Էրդողանի Թուրքիան միջազգային թատերաբեմում կայսերապաշտական նկրտումներով է հանդես գալիս, ինչը ձեռնտու է արևմտյան այն շրջանակներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունն իբրև վտանգավոր մրցակից են դիտարկում։ Թուրքիան, ստեղծված իրավիճակում այն գործիքն է, որի միջոցով նրանք փորձում են սահմանափակել Ռուսաստանի հնարավորություններն, ընդ որում, ամենտարբեր հատվածներում՝ Անդրկովկասում, մասնավորապես՝ Արցախում, Դոնբասում և այլուր։ Այդուհանդերձ՝ իր կայսերապաշտական հավակնությունները կյանքի կոչելու էքստազով տարված, Թուրքիան շատ վտանգավոր խաղի մեջ է մտել։ Այո, թուրքական կողմի ներգրավվածությունը Դոնբասում ակնհայտ է։ Սակայն Արցախում խաղարկված թուրք-ադրբեջանական «հաջողված» սցենարը Դոնբասում չի գործի։ Կրկնում եմ՝ այդ սցենարի «հաջողության» միակ գրավականը բացառապես Նիկոլ Փաշինյանն է` մանկուրտների իր թիմով։ Մեր երկիրը նախ ներսից նվաճվեց` 2018-ի ապրիլ — մայիսին, որին նոր միայն հաջորդեց արտաքին ագրեսիան։ Իսկ Դոնբասում և Մոսկվայում իշխանության են պետականակենտրոն, սեփական ազգային շահը պաշտպանելու պատրաստ ուժեր։

-Պարոն Ջամալյան, եթե Դոնբասում, այնուամենայնիվ, ակտիվ ռազմական գործողություններ սկսեն, արդյո՞ք չկա վտանգ, որ թուրք –ադրբեջանակական տանդեմը կարող է օգտագործել առիթն ու փորձել լուծել Սյունիքի հարցը։

-Մեզ պատուհասած աղետից հետո թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է։ Թե՛ Սյունիքի, թե՛ Արցախի կորուստը մեծագույն սպառնալիքներ կստեղծի դաշնակից Ռուսաստանի համար։ Այդ իսկ պատճառով ռուսական կողմն իր անվտանգային համակարգն այնպես է կազմակերպում, որ ունակ լինի իր շահերն արդյունավետորեն պաշտպանել միաժամանակ ամենատարբեր ուղղություններով։ Ըստ այդմ՝ ակներև է, որ Ռուսատանը ո՛չ այստեղ՝ Անդրկովկասում, ո՛չ Դոնբասում չի թուլանա, ու չի զիջի իր դիրքերը։ Այլ հարց է, որ մենք պետք է վայրկյան առաջ վերականգնենք մեր պաշտպանունակության ռեսուրսն ու դաշնակից Ռուսաստանի հետ միասին պաշտպանենք մեր երկիրը, ինչը սակայն հնարավոր է միայն այս թրքացածների իշխանության հեռացումից հետո։

 

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն