Ղազախստանում տեղի է ունենում առաջին սերնդի գունավոր հեղափոխություն. Մարիամ Մարգարյան

Հարգելի բարեկամներ, գործողությունների վերլուծությունից ակնհայտ է, որ Ղազախստանում տեղի է ունենում առաջին սերնդի գունավոր հեղափոխություն: Առաջին սերնդի, որովհետև ուղեկցվում է ջարդարարությամբ և սպանություններով, բացի դրանից «ուժային բևեռները» ճշտում են իրենց դիրքային առավելության հասնելու սցենարները…

Հատվածներ «Գունավոր հեղափոխությունը. տեսություն և տեխնոլոգիաններ» 2021 թվականին հրատարակված մեր գրքի առաջաբանից …

Նոր աշխարհակարգի կայացման գործընթացը բազմամակարդակ մարտահրավերներ է նետել մարդկությանը: COVID 19-ի և մուտացված տարաբնույթ համավարակների, աղքատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում եվրոպական, ասիական և աֆրիկյան մի շարք երկրներում, աշխարհաքաղաքական փոփոխությունների, էթնիկական բախումների և քաղաքական տուրբուլենտության աճին զուգահեռ, տեղի են ունենում անորոշությամբ հագեցած նոր որակի գործընթացներ: Այդ գործընթացները գլոբալ ժողովրդավարացման նախագծի ճգնաժամի (կամ տապալման) հետևանք են՝ միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ, ինքնիշխան պետությունների քաղաքականությանը միջամտությամբ և տարածաշրջանային լոկալ պատերազմների հրահրմամբ: Փաստորեն, սառը պատերազմը ոչ թե ավարտվել է, այլ կերպափոխվել՝ ստեղծելով այնպիսի նոր տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ տեղի են ունենում «գունավոր հեղափոխություններ»:
Այսօր թեև շատ մեծ է մասնագիտական շրջանակների հետաքրքրությունը «գունավոր հեղափոխության»՝ որպես 21-րդ դարի քաղաքական զարգացման ֆենոմենի նկատմամբ, սակայն ակադեմիական և փորձագիտական աշխարհում երևույթի հանդեպ միանշանակ մոտեցում չկա: Հետևաբար, մեր կողմից կարևորված հիմնախնդրի ուսումնասիրումը պայմանավորված է ինչպես դրա նկատմամբ առկա մոտեցումների բազմազանությամբ, այնպես էլ այն որպես համաշխարհային քաղաքականության ցանցային ապակառուցողական երևույթ դիտարկելու հանգամանքով:
Արդի աշխարհի զարգացման բնութագրիչ են դարձել տեղեկատվահաղորդակցական նոր տեխնոլոգիաները, որոնց օգնությամբ ստեղծված սոցիալ-քաղաքական ցանցերը, սարդոստայնի պես միահյուսելով «ծայրամասերը», նպաստում են և՛ նրանց զարգացմանը, և՛ ինքնության կորստին, և՛ անորոշությունների խորացմանը: Աշխարհը դադարել է լինել հասկանալի և կանխատեսելի, իսկ անորոշությունների հաղթահարման նպատակով մշակվել է նորարարական մոտեցում՝ հասարակության կերպափոխմանը զուգահեռ հետևողականորեն ժողովրդավարացնել քաղաքական համակարգը:

Բնականաբար, հարց է առաջացել՝ ի՞նչ պետք է վերցնել հաջողված պետությունների քաղաքական համակարգերի ժողովրդավարացման փորձից, ինչպե՞ս հրաժարվել գծային ազատականացումից, ինչպե՞ս համադրել ազգային արժեքներն ու ինքնությունը գլոբալ արժեքային համակարգի հետ, ինչպե՞ս դիմակայել հավասարարական (էգալիտար) ժողովրդավարության հաստատման պատրանքային խոստումներին: Ահա այն հիմնական հարցերը, որոնց համակարգված պատասխանելը, առավել քան երբևէ, արդիական է Հայաստանի ժողովրդավարական համախմբման համար:

Ի՞նչ է «գունավոր հեղափոխությունը». սոցիալական հեղափոխությու՞ն, թե՞ պետական հեղաշրջում:

Ուսումնասիրելով տարբեր երկրներում տեղի ունեցող այդ գործընթացի վերաբերյալ առկա տեսամեթոդական վերլուծությունները՝ շեշտադրել ենք, որ տեղեկատվահաղորդակցական նոր տեխնոլոգիաների և սոցիալական հիերարխիայում տեղի ունեցած նոր որակական փոփոխությունների պատճառով «գունավոր հեղափոխությունը» դասական բնույթ չունի (դասակարգային պայքար չէ), ինչը մինչ այժմ որոշիչ է եղել սոցիալ-քաղաքական կարգի փոփոխման համար: Ավելին, այն սկսել է ընկալվել որպես դրամատիկ սյուժեով բեմադրված քաղաքական ներկայացում, որը տեղի է ունենում ժողովրդավարացման դրոշի ներքո և ուղեկցվում մանիպուլյատիվ «տեխնոլոգիական հեղափոխությունների» կիրառմամբ: «Գունավոր հեղափոխություն» անվանումը ստացած այսպիսի իրադարձությունները համակարգված ձևով տեղի են ունենում աշխարհի տարբեր տարածաշրջաններում՝ նոր որակ հաղորդելով քաղաքական արդիականացման և զարգացման գործընթացներին: Ընդ որում, անկախ տարածաշրջանային հեռավորությունից, դրանք միմյանց խիստ նման են իրենց սյուժեով, զարգացման փուլերով, տեխնոլոգիաներով, բնակչությանը մոբիլիզացնելու եղանակով և նույնիսկ հեղափոխականների վարքագծով:

 


Իշխող վարչակարգի ոչ բռնի փոփոխության այդ գործընթացում հաշվի են առնվում տվյալ երկրի արդիականացման մակարդակը, քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարման արժեքաբանությունը, ինչպես նաև հեղափոխականացված ընդդիմության կողմից տեխնոլոգիաներ օգտագործելու միջոցով իրականությունը թատերականացնելու և իրավիճակային նոր սցենարներ մշակելու հնարավորությունները:
Որպես հետևողականորեն մշակված ու կիրառվող ընթացակարգերի, հնարների և հանուն իշխանության ծավալվող գործունեության ձևերի ամբողջություն` քաղաքական տեխնոլոգիաները նպատակաուղղված են դերակատարների շահերի և սպասելիքների առավել օպտիմալ բացահայտմանը, լուծմանը կամ մանիպուլացմանը՝ որոշակի տեղում, որոշակի ժամանակահատվածում, որոշակի նպատակի համար: Դա հնարավորություն է տալիս որոշակի արժեքաբանությամբ «գունավոր հեղափոխություն» բեմադրելու «փափուկ ուժի» լիդերների և սոցիալական խմբերի միջոցով:

Հետխորհրդային երկրների ժողովրդավարական անցման պայմաններում տեղի ունեցող «գունավոր հեղափոխություններն» առաջին հերթին առնչվում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների ընդարձակման, ինչպես նաև ձեռք բերված ազատությունների անպատասխանատու օգտագործման հետ: Այս իրադարձությունների նախապատրաստման ընթացքում լուծվում են ոչ միայն բնակչության հիմնական զանգվածի կյանքի որակի և կյանքի մակարդակի էական բարելավման, այլև քաղաքակրթության ընտրության հարցերը: Այսինքն՝ «քաղաքակրթության խզման գծերի» վրա տեղի են ունենում քաղաքական համակարգերը ապակայունացնող գործընթացներ: Փաստորեն, «գունավոր հեղափոխության» ժամանակ տեղի է ունենում արժեքների, ավանդույթների, կրոնական համոզմունքների մի մասի վերարժևորում կամ ձևափոխում և դրանց փոխարինում ուրիշներով: Այստեղ հիմնական դեր սկսեցին խաղալ լեզվի, կրոնի, մշակույթի և ավանդույթների մերժման կամ անաղարտ պահպանման հիմնախնդիրները:

«Գունավոր հեղափոխություն» իրականացնելիս մարդկանց հոգևոր կյանքի այս արժեքային հիմքերն էլ նախագծված կազմաքանդվում են կամ արմատապես վերարժևորվում՝ ի սկզբանե նպատակ ունենալով արարողակարգային մակարդակով փոխելու քաղաքակրթական, աշխարհաքաղաքական, սոցիո ու էթնոմշակութային համակարգերի քաղաքական էությունը: Ավելին, ի սկզբանե ժողովրդավարացման «երրորդ ալիքի» (1974) տիրույթներում նախագծերի և արարողակարգերի համակարգմամբ մշակվեցին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների սցենարները: Նախ՝ նախագծման միջոցով կանխավ մոդելավորվեցին և պարբերաբար շարունակվեցին մոդելավորվել քաղաքական զարգացման գործընթացները՝ բացահայտելով չհիմնավորված նկրտումներ ունեցող անձանց և սոցիալական խմբերի: Երկրորդ՝ արարողակարգերը տեղի են ունենում որոշակի նախագծերից դուրս, պատահական, շիթային՝ «անկանխատեսելիության և անորոշության նշանի տակ»: Այսօր արդեն ակնհայտ է, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրական ժողովրդավարության չհանգեցրած քաղաքական փոփոխությունները ծնել են ածականով բնութագրվող հեղափոխություններ՝ կարմիր մեխակների, կարմիր վարդերի, դեղին բուլդոզերի, նարնջագույն, կակաչների, թավշյա և այլն:

Ակնհայտ է, որ «գունավոր հեղափոխություն» կոչված գործընթացների նմանության հիմքում այնպիսի վերափոխումներն են, որոնց նպատակը «ներքևից ժողովրդավարության» շիթային ներդրումն է: Տարբեր բովանդակություն, սակայն փոփոխության ընդհանուր ռազմավարություն ունեցող զանգվածային բողոքները կոչված են ընդլայնելու ժողովրդի, հատկապես երիտասարդության մասնակցության ձևերը վարչակարգի գործունեության մեջ: Այդ է պատճառը, որ «գունավոր հեղափոխությունները» լեգիտիմացվում են որպես պայքար հանուն «ժողովրդավարության որակի», իսկ դրանց բոլորի նպատակը գործող քաղաքական վարչակարգի և դրա ոչ լեգիտիմ առաջնորդների տապալումն է: Ցույցերի մասնակիցների զգալի մասը երիտասարդությունն է, մասնավորապես՝ ուսանողությունը, իսկ նրանց ուշադրության կենտրոնում ամեն անգամ հայտնվում են ընտրությունների գործընթացի կեղծումները:
Այդ հեղափոխությունները քաղաքական ընդդիմության կողմից ղեկավարվող լայնամասշտաբ շարժումներ են, որոնք ուղղված են ժողովրդավարական անցման պայմաններում ընտրությունների ընթացքում խախտված ժողովրդավարության ինստիտուցիոնալ հիմքերի վերականգնմանը, ինչպես նաև քաղաքական ռեժիմի կողմից թույլ տրված սխալների ու քաղաքական զարգացման ճգնաժամերի հաղթահարմանը: Այս համատեքստում ուշագրավ են Ֆիլիպինների (1986), Սերբիայի (2000), Վրաստանի (2003), Ուկրաինայի (2004, 2014), Ղրղզստանի (2005), Հայաստանի (2018) հեղափոխությունները:

Հ.Գ. «Գունավոր հեղափոխությունը. տեսություն և տեխնոլոգիաններ» 2021 թվական, գիրքը կարող եք ձեռք բերել միայն ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ գրախանութում, Վարդանանց փողոց:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն