ՀՀ Առողջապահության նախարարության հայտարարությունը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ներկայացնում ենք ստորև.
Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը սատարել է Հռչակագրի ընդունմանը և այլ երկրների հետ միասին պարտավորվել է իրականացնել գործողություններ, որոնք միտված են մինչև 2025 թվականը կտրուկ նվազեցնել ՄԻԱՎ-ի նոր դեպքերի և ՁԻԱՀ-ի հետևանքով մահերի թիվը, այդպիսով` մինչև 2030 թվականը փորձելով վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին որպես մարդու առողջությանը համաշխարհային սպառնալիք:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի կողմից հրապարակված «Վտանգի մեջ» զեկույցի համաձայն, աշխարհը չի հասցում վերջ դնել ՁԻԱՀ-ին մինչև 2030 թվականը։ Իրավիճակը անհանգստացնող է մնում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվը չի աճում և վերջին մի քանի տարիներին մնացել է նույն մակարդակի վրա, այնուամենայնիվ, նոր դեպքերի նվազման միտում ևս չկա։ Ուշ փուլերում հայտնաբերված ՄԻԱՎ-ի դեպքերի թիվը մնում է բարձր։ Ամենից հաճախ այս դեպքերը կապված են այն բանի հետ, որ ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց նկատմամբ հասարակության մեջ դեռևս առկա խարանի և խտրականության պատճառով մարդիկ հաճախ խուսափում են հետազոտվելուց և ժամանակին օգնության դիմելուց: Մյուս պատճառն այն է, որ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրներում աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող Հայաստանի շատ քաղաքացիներ այդ երկրներում թեստավորման և բուժման հնարավորություն չունեն։
Մանրամասները նյութում` https://www.moh.am/?section=news/open&id=143&nid=3870&pagen=23#1/5738